Շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ 3 զինծառայող է կալանավորվել. ՔԿ
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
VERELQ-ը հիշեցնում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Փետրվարի 4-ին, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին, որը նույնպես ձերբակալվածներից էր, կալանավորվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում: