Զինծառայողի մահվան գործով ՔԿ-ն ևս 2 զինծառայողի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խ.Գ.-ին եւ Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 4-ին, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին, որը նույնպես ձերբակալվածներից էր, կալանավորվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում: