23.11.2024
Անցյալ տարի Հայաստան է այցելել 1 մլն 894 զբոսաշրջիկ
prev Նախորդ նորություն

Սահմանդրական դատարանի ճգնաժամը մտնում է ԱԺ. արտահերթ նիստ է գումարվում

Ազգային ժողովի կայքում հրապարակվել է «ՀՀ Սահամանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է Սահմանադրական դատարանի շուրջ սետղծված ճգնաժամի լուծումը:


Կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում են փոփոխություններ «ԱԺ կանոնակարգ», «ՍԴ մասին» և «Հանրաքվեի» մասին օրենքներում, հայտնվել է ընդդիմադիրների քննադատությունների թիրախում: Փաթեթը քննարկվելու է փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում:


Քննադատները հատկապես վիճահարույց են համարում 2015-ի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության 213-րդ հոդվածի առաջարկվող փոփոխությունը: «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»,- նշված է առաջարկվող նախագծում։


«Սահմանադրության 213-րդ հոդվածի իրավակարգավորումը, որպես անցումային դրույթ, արդեն իրացված է։ Այդ հոդվածում պարզապես հնարավոր չէ փոփոխություն մտցնել, քանի որ անցումն ավարտված է դեռևս 2018թ. ապրիլի 9-ին», - նշում է Արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, որի կարծիքով այս նախագիծը «հակաիրավական է, հակասահմանադրական ու հակապետական»։


Հիմնավորման մեջ հեղինակը ընգծում է. «ՍԴ ներսում և դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար»:


ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը, ըստ հեղինակի, նախկինում նշանակված անդամների և 2015-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը վստահ է՝ «ներկայիս Ազգային ժողովը [...] այսպիսով նպատակ ունի վերջնական և հիմնարար լուծում տալ ՍԴ-ի 2015-и Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ձևավորման խնդրին»:


Վահագն Հովակիմյանը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը և Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։


Նախատեսվում է նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելու դեպքում նախագիծը ընդունել պատգամավո8ների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։