«Իմ քայլը» առաջարկում է ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել հանրաքվեի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու իր իսկ կողմից ներկայացված նախագիծը, բայց առաջարկում է այն դնել հանրաքվեի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով, այս ընթացքում ԱԺ-ն, կառավարությունն ամեն ինչ արել են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար և որպեսզի ՍԴ անդամներն այդ հանգուցալուծման գործում ունենան իրենց մասնակցությունը: Մասնավորապես, խորհրդարանի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու ՍԴ ուղարկած առաջարկը, որը նույնիսկ ՍԴ կողմից վարույթ չընդունվեց: Այնուհետ առաջարկվեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու օրենքը, սակայն իրենց մեկնված ձեռքը ՍԴ անդամները բռնեցին:
«Հայաստանի քաղաքական իշխանությունն ամեն ինչ արել է այս ճգնաժամը հանգուցալուծելու: Հանրաքվեն ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն ու հավատամքն է: Մենք հավատում ենք մեր ժողովրդին, և մենք ասելիք ու լսելիք ունենք մեր ժողովրդից»,-ասաց Հովակիմյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:
Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»:
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ դեմ է այս նախագծին: