Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Նիստը նախագահող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր խոսում նշել է, որ նիստը նվիրված է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկին. «Այս միջոցառումն ունի կարևոր խորհուրդ. մենք քաջ գիտակցում ենք, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Մեր ազգային շահերն ու նպատակներն արտացոլող ռազմավարական փաստաթղթում կամփոփվեն ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորությունների զարգացման և ընդլայնման նախաձեռնողական գործուն ուղիները ու մոտեցումները, ինչը հնարավորություն կտա վերաիմաստավորելու մեր անելիքները միջազգային հարթակում, տարածաշրջանում և մեր երկրի ներսում: Բազմաշերտ այս գործընթացում մեկ բան ակնհայտ է՝ մենք պատրաստվում ենք առաջնորդվել ըստ մեր ազգային շահերի, նպատակների և առաջնահերթությունների: Հենց այդ պատասխանատվությամբ էլ պայմանավորված է միջգերատեսչական այս հանձնախմբի կազմի ներկայացուցչական մակարդակը: Վստահ եմ, որ մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով ստանձնելու գործընթացի առաջնորդությունը՝ ապահովելով ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլ նաև հանրային շրջանակների ակտիվ ներգրավվածություն փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում»,- ասել է Գրիգորյանը: Ելույթին հետևեց ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի փակ քննարկումը: