Իշխանության ծրագիրը. ԱԷԿ-ի շահագործումը երկարացնել և արևային էներգիայի ծավալները մեծացնել
Մինչեւ 2040 թվականը Հայաստանի կառավարությունը մտադիր է արեւային էներգիայի մասնաբաժինն արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում հասցնել առնվազն 15 տոկոսի կամ 1.8 մլրդ կվտ/ժ-ի: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա հունվարին հաստատվել է մինչեւ 2040 թվականը էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը, ինչպես նաեւ միջոցառումների ժամանակացույցը, որոնք կոչված են ապահովելու ծրագրի իրականացումը: Ծրագրի համաձայն՝ մինչեւ 2040 թվականը արեւային էներգիայի մասնաբաժինը երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում կհասցվի առնվազն 15 տոկոսի կամ 1,8 մլրդ կվտ/ժ-ի:
Պապիկյանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում 2026 թվականից հետո։ «Ես դա հատուկ նշեցի այն քաղաքացիների, լրագրողների համար, ովքեր ինտենսիվ կերպով տեղեկատվություն են տարածում, թե ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման գործընթացը դադարեցված է, կայանի տեխնիկական վերազինումը չի իրականացվում, ատոմակայանը չի գործում, աշխարհը փլուզվում է։ Նման բան չկա։ Հակառակը՝ աշխատանքները կշարունակվեն, վերազինումը կշարունակվի», - հայտարարեց նա։