Դիլիջանի և Ստեփանավանի թունելները վերանորոգման կարիք ունեն. նախարար
Մ6 միջպետական մայրուղու շինարարա-վերանորոգման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանում խոստացել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով պատգամավորների այն հարցին, թե ինչի հետ է կապված "Մ6" ավտոճանապարհին աշխատանքների ավարտի ժամկետների երկարաձգումը, նախարարը նշել է. «Մ6 ավտոճանապարհին ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրները կապված են նախագծերի հետ։ Օրինակ՝ Օձուն տանող տեղամասի նախագծին վերջնական տեսք տալու աշխատանքներն ավարտվել են ընդամենը 10 օր առաջ»։
Նա տեղեկացրել է, որ կառավարությունն իր առջև խնդիր է դրել ամեն ինչ անել մինչև տարեվերջ ավտոմայրուղում աշխատանքներն ավարտելու համար։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերջնականապես մոռանանք այդ խնդրի մասին, աշխատանքները մինչեւ տարեվերջ կավարտվեն», – հայտարարել է Պապիկյանը:
Նախարարը նաեւ նշել է, որ աշխատանքների իրականացման արդյունքում կտնտեսվի 15 մլն ԱՄՆ դոլար, որը նախատեսվում է ուղղել Դիլիջանի եւ Ստեփանավանի թունելներում վերանորոգման աշխատանքների իրականացմանը:
«Իրականում թունելները բավականին վատ վիճակում են, ներսից խնդիրներ կան։ Դրանք ռազմավարական նշանակություն ունեն և անպայման պետք է վերանորոգվեն», - ասաց նա։