ՀԿԵ-ն 39 մլրդ դրամ կներդնի նոր կազմեր ձեռք բերելու և կայանների վերանորոգման համար. նախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հաջողվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ ձեռք բերել պայմանավորվածություն 39 մլրդ դրամի վաղաժամկետ ներդրումների մասին, որոնք նախատեսվում էր ներդնել առաջիկա 4 տարիների ընթացքում։
Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք պայմանավորվել ենք այդ 39 մլրդ դրամը տեղափոխել առաջ և ներդրումներ կատարել հիմա։ Նշված միջոցների շրջանակներում ընկերությունը ձեռք կբերի 4 շարժակազմ, ինչի արդյունքում մեր բոլոր շարժակազմերը կլինեն ժամանակակից: Բացի այդ, ձեռք է բերվելու 27 վագոն», - ասել է նա։
Նախարարի խոսքով՝ վերոնշյալ ողջ տեխնիկան արդեն այս տարվա մայիսին կտեղափոխվի Հայաստան։ Բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ կապված համապատասխան գործարան այցելելու, տեխնիկային ծանոթանալու և այլնի հետ արդեն ավարտվել են, վստահեցրել է Պապիկյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ ընկերության ներկայացուցիչներին կոչ է արել նաեւ վերանորոգել բոլոր գործող կայանները: «Չնայած նրան, որ ՀԿԵ-ն այս պահին որոշակի ֆինանսական դժվարություններ ունի, սակայն պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ իրականացնել բոլոր գործող կայարաններում վերանորոգման աշխատանքներ», - հայտարարել է նախարարը: