24.11.2024
Դա պետք է նաև ՌԴ-ին. Մատվիենկոն կոչ է արել պահպանել փխրուն խաղաղությունը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Հայկական ատոմակայանի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ

Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ուղղության մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ (ՌԱԷԿ, Ռովնոյի մարզ, Ուկրաինա)՝ տեխնիկական սպասարկման և նորոգման ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով:


Հայ մասնագետների այցը տեղի է ունեցել «ԱԷԿ-ի սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման արդյունավետության գնահատում» բենչմարքինգի շրջանակում, որը կազմակերպել է ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇՀԿԱ ՄԿ) Մոսկովյան կենտրոնը:

Այցի ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հայաստանյան պատվիրակությանը ներկայացրեցին էլեկտրակայանում տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը, անվտանգության համար կարևոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպումը, ապահերմետիկացված սարքավորումներ կողմնակի առարկաների ներթափանցման կանխմանն ուղղված գործունեության իրականացումը։ Քննարկվել են չնախատեսված և պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների բարձր որակի ապահովման, ինչպես նաև վերանորոգման պլանավորման, ժամկետների օպտիմալացման, տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման գործում ծրագրային ապահովման կիրառման հետ կապված հարցեր:

Երկար տարիներ Ուկրաինայում գործում են չորս ատոմակայան՝ 15 էներգաբլոկով, և կարևոր է ուսումնասիրել դրա կուտակված փորձը: Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ ներկայացուցիչ Սերգեյ Կենջեցյանի խոսքով, Ռովնոյի ԱԷԿ-ի ընտրությունը պատահական չէ:


«Մենք արդեն ունենք համագործակցության դրական փորձ ճառագայթային անվտանգության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում: Ստացված բոլոր գիտելիքներն ու լավագույն փորձը աստիճանաբար ներմուծվում են Հայկական ԱԷԿ-ում, և արդեն կան առաջին դրական արդյունքները: Ռովնոյի ԱԷԿ-ի փորձը վերանորոգման ուղղության կազմակերպման բնագավառում մեզ համար օրինակելի է: Դա կապում եմ պրոֆեսիոնալների լավ թիմի և արդյունավետ կառավարման հետ: ՇԿՀԱ-ի աշխատանքը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ գնահատել, համեմատել և ներդնել: Կատարված վերանորոգումների որակը կարող ենք գնահատել՝ ելնելով վթարային անջատումների և կրկնակի նորոգումների բացակայությունից, ինչն, իհարկե, ազդում է անվտանգ շահագործման վրա ընդհանուր առմամբ: Սակայն տեխնիկական սպասարկման և վերանորոգման գծով սեփական աշխատանքի որակի արդյունավետ գնահատման համար անհրաժեշտ է համեմատել այն Ռովնոյի գործընկերների ունեցած լավագույն պրակտիկաների հետ»:

Հայկական ԱԷԿ-ի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի տուրբինային և ռեակտորային բաժանմունքներ, որտեղ պլանային կանխարգելիչ նորոգումն ավարտական փուլում է: Պատվիրակությունը ծանոթացավ նաև ուսումնական սարքերի միջոցով տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման պրակտիկային և տեխնիկական սպասարկման անձնակազմի համար մարդկային սխալները կանխելու մեթոդներին:

Ռովնոյի ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ-ի ներկայացուցիչ Անատոլի Վասիլչուկը նշեց, որ ատոմային ոլորտի մասնագետները տեղեկատվություն են փոխանակել նաև մետաղի վերահսկողության ծառայության աշխատանքի և վերանորոգման ընթացքում դոզային բեռնվածության նվազեցման գործողությունների կազմակերպման վերաբերյալ:


«Այցի ծրագիրը ներառում է հարցերի քննարկում` հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները։ Հուսով ենք, որ այցը օգտակար կլինի երկու կողմերի ` Ռովնոյի և Հայկական ԱԷԿ-ների համար: Համոզված եմ, որ ատոմակայանների մասնագետների միջև շփումը և փորձի փոխանակումը միշտ դրական ազդեցություն կունենան վերանորոգման և արտադրական գործունեության բարելավման առումով», - ասաց Անատոլի Վասիլչուկը: