Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ հուլիսի 26-ին այցելել է ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Նախագահը Facebook-ի իր էջում գրել է. «Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին: Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում: «Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում»,- գրել է Հարությունյանը: