2020 թվականի պատերազմի իրական դասերի մասին կարող ենք խոսել միգուցե 10, 20 տարի հետո, երբ իրական պատմությունը գրվի: Մի բան հասկանալի էր, որ այդ պատերազմում Հայաստանը Ադրբեջանից առաջ չէր, հետ էր ռազմատեխնիկական պատրաստվածության իմաստով: Այս մասին ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
"Երբ ասում եմ՝ հետ ենք, նկատի ունեմ, որ մենք պետք է մեր ԱԹՍ-ները ունենայինք, մեր սեփականը, քանի որ Ադրբեջանը հիմնականում օգտագործել է թուրքական, իսրայելական ԱԹՍ-ները: Հայաստանը պետք է պատրաստվեր այդպիսի պատերազմի, 21-րդ դարի պատերազմի: Իսկ թե ինչու Հայաստանը հետ էր՝ շատ ավելի ֆունդամենտալ, ծանր հարց է, որովհետև, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում այսօր այսպիսի միտում կա՝ մենք ձևացնում ենք: Մենք ձևացնում ենք, թե ինչ-որ բան ենք անում, ձևացնում ենք, թե ժողովրդավարություն ունենք, (Հայաստանի մասին չեմ ասում, այլ՝ ընդհանրապես), ձևացնում ենք, թե ունենք գիտության շատ բարձր մակարդակ․․․ Սակայն ամենավատն այն է, երբ սկսում ենք հավատալ այն ամենին, ինչը ձևացրել ենք: Ինքներս մեզ վստահեցնում ենք, և դա շատ վտանգավոր է:
Այո, առաջին պատերազմում Հայաստանը հաղթող էր: Իսկ պատմականորեն դա ի՞նչ է նշանակում: Անցել է 26 տարի, և այդ 26 տարիների ընթացքում հնարավոր էր և պետք էր ստեղծել իրապես ուժեղ բանակ, ամրապնդել մեր տնտեսությունը, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կարելի էր և պետք էր բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Ես չեմ ասում, որ այդ հարաբերությունները վատն են, սակայն, ես միշտ իմ կյանքում, եթե ինչ-որ բանի հասել եմ, նույնիսկ իմ երեխաներին, իմ ուսանողներին ոգեշնչել եմ, որ ավելի հեռուն գնան",- ասել է նախագահը:
Հարցին՝ ի՞նչն է պետք բարելավել, Արմեն Սարգսյանը օրինակ է բերել մաթեմատիկական տեսությունը.
"Եթե նման մաթեմատիկական համատեքստում դիտարկենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ապա դա աքսիոմա է: Այդ հարաբերությունները եղել են մի քանի հարյուրամյակներ և ապացուցման կարիք չունեն: Հայերն ապրել են Ռուսական կայսրությունում, հայերն ապրել են Օսմանյան կայսրությունում: Ի՞նչ է մնացել այն հայերից, որոնք ապրել են Ռուսական կայսրությունում՝ անկախ Հայաստանի Հանրապետություն և հայեր, որոնք շատ ապահով ապրում են Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ: Այդ պատճառով՝ հայ-ռուսական հարաբերությունները աքսիոմա են: Այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները տեսություններ են, որոնք ապացուցվում են: Այդ տեսությունների ապացուցումը կապված է ժամանակի հետ, այդ հարաբերությունները բարձրանում կամ իջնում են, և ամեն անգամ դա պետք է ապացուցել: Մենք իսկապես կարող ենք ուրախ լինել նրանով, ինչ ունենք: Ես նրանցից մեկն եմ, որ այդքանով ուրախ չեմ և կարծում եմ՝ իրական, ամենօրյա, տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է՝ չնայած ասում եք, որ Ռուսաստանը հսկայական երկիր է, իսկ Հայաստանը՝ փոքր",-ընդգծել է ՀՀ նախագահը: