25.11.2024
ՌԴ և ՀՀ հարաբերությունները կարելի էր և պետք էր բարձրացնել բոլորովին այլ մակարդակի. նախագահ
prev Նախորդ նորություն

Ոչ միայն գերիների վերադարձ. նախագահը վստահ է՝ Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում

Թե ինչո՞ւ մեկ տարի անց գերիները դեռևս շարունակում են մնալ Ադրբեջանում հարցի հասցեատերը ՀՀ նախագահը չէ: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված բացառիկ հարցազրույցում:


"Այդ հարցը պետք է նախ և առաջ ուղղեք Ադրբեջանին: Հիշում եմ՝ 1994-ին՝ առաջին պատերազմից հետո, բոլոր ռազմագերիները, որոնք եղել են Հայաստանի, Ղարաբաղի տարածքում վերադարձվել են Ադրբեջանին: Ինչու՞ է Ադրբեջանը որոշել այսօր չվերադարձնել և դատեր, բեմականացումներ անել, օգտագործել մարդկային կյանքները որոշակի խնդիրների լուծման համար: Այդ հարցը պետք է տաք առաջին հերթին Ադրբեջանին, այդ հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին չէ, այլ գտնվում է մարդկային հարաբերությունների մակարդակում, քանի որ նույնիսկ մեծ պատերազմների ժամանակ կողմերը փոխանակվում են գերիներով",- ասել է նա:


Նախագահը նաև նշել է, որ այս հարցը միջազգային հանրության տիրույթում է նաև. "Ես, որպես նախագահ, գերիների վերադարձի հարցով դիմել եմ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ՆԱՏՕ-ին, բոլորին: Իսկ ինչո՞ւ արդյունք չկա: Երևի մի քանի պատճառ կա: Առաջինը՝ հնարավոր է՝ միջազգային կազմակերպություններն այնքան էլ արդյունավետ չեն, նրանց այնքան էլ չեն հարգում, ինչպես 30 տարի առաջ էր: Սակայն ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ապագայի մասին խոսելն այլ թեմա է: Երկրորդը՝ հնարավոր է՝ հարցն այն է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային կազմակերպություններին",- ասել է նա:


Ճշտող հարցին՝ իսկ Ռուսաստանը կարո՞ղ է օգնել, Սարգսյանն ընդգծել է. "Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում":


Իսկ հարցին՝ արդյոք հնարավո՞ր է լուծել հայ-ադրբեջանական հարցն առանց Ռուսաստանի մասնակցության, հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք իրար հետ պայմանավորվեն, Արմեն Սարգսյանը կարծիք է հայտնել, որ հարցը վերացական է.


"Իրական կյանքում պայմանավորվելուց առաջ կան փոքրիկ, բայց կողմերի համար շատ կարևոր հարցեր: Մեզ՝ հայերիս համար դա նախ և առաջ ռազմագերիների վերադարձն է: Եթե Ադրբեջանն անի այդ քայլն ու վերադարձնի երիտասարդներին իրենց ընտանիքներին... Գիտեք, դա շատ ծանր հարց է, ես հանդիպում եմ այդ ընտանիքների հետ: Ամեն ընտանիք առանձին դրամա է: Ընդ որում, հանդիպում եմ ոչ միայն ռազմագերիների, այլև անհետ կորածների ընտանիքների հետ: Նրանք ապրում են դժոխքի ու դրախտի միջև գտնվող կարմիր գծի վրա: Մի օր դրախտ է, մյուս օրը՝ դժոխք: Բաքվում դատական գործընթացներ են տեղի ունենում, տեսնում են այդ տեսանյութերում իրենց ամուսիններին կամ որդիներին...Հիմա կա ձևաչափ, բանակցություններ են ընթանում: Իմ խնդրանքն ու առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ վերադարձրեք տղաներին տուն":


Իսկ նամակ գրե՞լ է Ալիևին, հարցրել է ռուս լրագրողը. "Մենք իրար նամակ գրելու խողովակներ չունենք":


Ամփոփելով հարցազրույցի այս հատվածը, նախագահը նշել է, որ այս պահին Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրներից են ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը: Խաղաղություն այնտեղ, որտեղ խաղաղություն չկա՝ սահմանին, հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Որպեսզի խաղաղություն լինի, հրադադարը պահպանվի.


"Եվս մեկ անգամ երախտագիտություն եմ եմ հայտնում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ջանքերի համար, որ հրադադարը հնարավոր եղավ: Հրադադարները կարևոր են՝ ինչպես 1994 թվականին, այնպես էլ հիմա",- հավելել է նա: