Սպասենք տեսնենք. ԿԲ նախագահը՝ տնտեսական անկման սպասումների մասին
Կենտրոնական բանկը 2020-ի կտրվածքով կանխատեսում է 4 տոկոս տնտեսական անկում, սակայն հետաքրքիր միտում է արձագրում՝ արդյունաբերության անկման տեմպերը ավելի թույլ են: Այդ մասին ԿԲ-ում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտիկ Գալստյանը:
«Այո, 4 տոկոս անկում ենք կանխատեսում, բայց նաեւ մի հետաքրքիր բան ենք արձանագրել, որ արդյունաբերության անկման տեմպերը ավելի թույլ են, քան մենք կանխատեսել էինք: Դա կապված է մեր արտահանման թվերի, հանքահումքային արդյունաբերության հետ», - ասել է ԿԲ նախագահ Մարտիկ Գալստյանը:
Նրա խոսքով, դանդաղել է նաև տրանսֆերտների նվազումը: «Տրանսֆերտների թիվը ցածր կլինի, բայց ի զարմանս մեզ, հունիսին տրանսֆերտների թիվը եղավ մի քիչ ավելի ավելի, քան նախորդ տարվա հունիս: Դա մեզ թույլ է տալիս սպասել, որ տնտեսական ամենածանր վիճակը, որ մենք ունեցանք ապրիլին, որոշակիորեն դրական առումով փոխվեց մայիսին, ապա նաեւ հունիսին: Սպասենք տեսնենք, թե թվերն ինչ կլինեն», - ասաց նա:
Նշենք, որ կառավարությունը 2020-ի արդյունքում կանխատեսում է շուրջ 2 տոկոս տնտեսական անկում: Փորձագետները կարծում են, որ անկումը կարող է լինել ավելի խորը՝ մինչև 10 տոկոս: