Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակում գործարարի՞ են ծեծել. քրեական գործ է հարուցվել
«ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպի փաստով քրգործ է հարուցվել, մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել շահադիտական դրդումներով քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 04:00-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նար-Դոս փողոցում գտնվող ՓԲ ընկերության գրասենյակում երկու անձինք, հարվածներ հասցնելով, իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենից պահանջել են 200.000 ԱՄՆ դոլար գումար և ստիպել են ստորագրել ինչ որ փաստաթղթի տակ, ապա այդ գումարը ստանալու նպատակով իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ իր կամքին հակառակ պահելով նշված գրասենյակում:
Քաղաքացու հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 7-րդ կետով և 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որի հետագա նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Որոշում է կայացվել քաղաքացուն տուժող ճանաչելու մասին:
Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ընթացքում առգրավվել են տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդել էին, որ մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, որ գործարար Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Նախկին Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։