Հանցավորության դեմ պայքարի ծրագրի ֆինանսավորումը կրճատվել է 4 անգա՞մ
2022 թվականի պետական բյուջեի նախագծով ԱԱԾ-ի ֆինանսավորումը կավելանա 22,85 տոկոսով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում նախնական բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, պետբյուջեի նախագծով Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման ծավալները կկազմեն 42.669 մլրդ դրամ՝ 2021-ի 34.733 մլրդ դրամի դիմաց: ԱԱԾ-ն իրականացնում է 2 ծրագիր և 11 միջոցառում։ Մասնավորապես խոսքը պետական պահպանության և ազգային անվտանգության ապահովման ծրագրերի մասին է։
2022 թվականի պետական բյուջեի նախագծով ոստիկանության ֆինանսավորումը կկազմի 66.5 մլրդ դրամ՝ ընթացիկ տարվա 64.6 մլրդ դրամի դիմաց, ֆինանսավորման ծավալների աճը կազմել է շուրջ 3%: Նրա խոսքով՝ 2022 թվականին ոստիկանությունը իրականացնում է 2 ծրագիր, որոնց շրջանակներում նախատեսված է 11 միջոցառում՝ կրթական ծրագիր և քաղաքականության մշակում, կառավարում և մոնիտորինգ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆինանսների նախարարի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գծով ֆինանսավորումը կրճատվել է 4 անգամ՝ ընթացիկ տարվա 24 մլրդ դրամից մինչև 6 մլրդ դրամ 2022 թվականի բյուջեի նախագծով։ Պատգամավորը հետաքրքրվել է նման կրճատման պատճառներով։
Սակայն Խաչատրյանը պարզաբանումներ չի տվել: Նա կոչ է արել հարցը ուղղել ոստիկանության ներկայացուցիչներին՝ հետագա քննարկումների ժամանակ՝ վկայակոչելով ֆինանսավորման ծավալների նման փոփոխությունների բովանդակային հիմնավորումներ տալու անհրաժեշտությունը։