Արտերկրում արտադրական դժբախտ պատահար. ո՞վ է իրականացնելու քննությունը։
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու հարցն էր։ Հստակեցվում է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներում ժամանակավորապես գործուղման մեջ գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը։
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշել է, որ օրինագիծն արժանացել է Կառավարության հավանությանը, կա Սահմանադրական դատարանի որոշում։
Համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախաձեռնության առաջարկը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեն։ Կարգը գործել է ոչ լիարժեք․ բացակայել են հիմնական հասկացությունները։ Առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում են կիրառվող հասկացությունները, դրանց թվում՝ «ծառայողական գործուղում» հասկացությունը, քանի որ կարգը ծառայելու է ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցների վրա։
Կարգավորումներ կան նաև դժբախտ պատահարների արձանագրման իրականացման մասով, այն համատեքստում, թե որ օրենսդրության համաձայն և որ երկրի համապատասխան մարմինն է իրականացնելու վերահսկողությունը նման դեպքերի նկատմամբ։
Հարակից զեկույցում պատգամավոր Նատալյա Սինորյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը։
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Հանձնաժողովի հաստատմամբ սահմանվել է նաև հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2026-2027 թվականների տարեկան ժամանակացույցը։