20.10.2026
«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց
prev Նախորդ նորություն

Վեհափառը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզիի։


Հանդիպմանը Էնրիկո եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ նշելով, որ ուխտագնացության նպատակն է զորանալ քրիստոնեական հավատքի մեջ և եղբայրական սիրով զորացյալ ծառայել Ավետարանի քարոզչությանը։


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու առաքելությանը, հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։ Նորին Սրբությունը հավելեց, որ հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները։


Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ խոսեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև սերտ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում արդյունավոր գործակցության մասին՝ ընդգծելով, որ այս այցը ևս եղբայրական այդ կապերի վկայությունն է։ Նորին Սրբությունը կարևորեց այսօրինակ ուխտագնացությունները հոգևոր նորոգության և քրիստոնեական համայնքների փոխճանաչողության խորացման գործում։


Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին, արդի ժամանակներում Հայոց Եկեղեցու հոգևոր-կրթական առաքելությանը։


 

Հանձնաժողովում քննարկվել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Yerevan today
19.10.2026
Փակ սահմանի առևտուրը. Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23,4 մլն դոլարի ապրանք