Այս պահին 122 հղի կին հոսպիտալացված է Covid-ով. 53-ը թթվածնային կախյալ են
Այս պահին Հայաստանի Հանրապետությունում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ-պացիենտներին: Ընդհանուր առմամբ, 3050 մահճակալ այս պահին գործնականում անընդհատ զբաղված է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, ունենք ծանր վիճակում գտնվող 1088, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 և թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի:
"Այս շտամի առանձնահատկությունն է, որ այն թե՛ հիվանդության ընթացքի ծանրության, թե՛ վարակելիության և թե՛ տարիքային առումով, իսկապես, մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում: Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, և այս պահին էլ ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են. 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են",- ասաց նախարարը:
Նա նաև ներկայացրեց, թե այս հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստում ստացած քաղաքացիները: Ընդհանուր առմամբ, ասաց նա, այս պահին դրական ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիներն ընդամենը 1702-ն են: Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, ովքեր պատվաստված են: Վերակենդանացման բաժանմունքում ունենք 1500 քաղաքացի.
"Այսինքն՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների պարագայում ընդհանրապես 0.5 տոկոս է կազմում պատվաստված քաղաքացիների թիվը",- հստակեցրեց նախարարը: