Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ: