Թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար. Թովմասյան
Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային պայմանավորվածությունները, որի հետևանքով կրկին ունենք վիրավորներ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ հրատապ գրություններ է պատրաստում միջազգային գործընկերներիս, որոնց, ի դեպ, օրեր առաջ ահազանգել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար։
"Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
Ադրբեջանի հանցավոր վարքագիծը կրում է շարունակական բնույթ։ Կրկին ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին՝ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, ուստի միջազգային հանրության կողմից համապատասխան իրավաքաղաքական մեխանիզմների գործարկման հրատապ անհրաժեշտություն է առկա՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի",- գրել է Թովմասյանը։