Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երևանին մեղադրել է Ղարաբաղում իրավիճակի սրման մեջ և հայտարարել, որ «խախտելով հրադադարի ռեժիմը ՀՀ-ը կրակի հետ է խաղում»: Էրդողանը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումները ցուցադրել են «ադրբեջանական բանակի առավելությունը հայկական բանակի նկատմամբ», փոխանցում է TRT Haber-ը: «Այդ հակամարտությունում Ադրբեջանն ու նրա նախագահ Իլհակ Ալիևը ուժ են հավաքում: ՌԴ-ը էլ անհրաժեշտ աջակցությունը չի ցուցաբերում ՀՀ-ին: Մոսկվայի համար Բաքվի հետ հարաբերություններն ավելի կարևոր են»,-նշել է Էրդողանը: Նրա խոսքով, եթե ՌԴ-ը ղարաբաղյան հակամարտությունում այժմ չեզոք դիրքորոշում է որդեգրել, ապա մոտակա ժամանակներս ՀՀ-ին վախ կպատի: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկիներից միայն Ռուսաստանը բավականին կոշտ արձագանքեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ թուրքական ղեկավարության խիստ միակողմանի հայտարարություններին: Ղարաբաղյան հակամարտության օրերին Անկարայից հնչած հայտարարությունները, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ընդհանրապես անընդունելի են, քանի որ դրանք պատերազմի կոչեր էին: «Ես կարծում եմ, որ թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները ընդհանրապես անընդունելի են շատ հասարական պատճառով. դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին, դրանք հակամարտությունը ռազմական ճանապարհով, ուժով լուծելու կոչեր էին»,-նշել է Լավրովը: Նրա կարծիքով, դա արմատապես տարբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դիրքորոշումներից: «Սակայն, ցավոք մենք արդեն սովոր ենք թուրքական ղեկավարության այդ տեսակ հայտարարություններին», - նշել է նա: