ՀՀ-ին և Արցախին $70 միլիոն օգնության փաթեթի առաջարկ է ներկայացվել ամերիկյան Սենատ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) իրավական հարցերի ղեկավար Րաֆֆի Գարագաշյանը Հայաստանի եւ Արցախի համար 70 միլիոն դոլար արժողությամբ «Խաղաղություն եւ բարգավաճում» օգնության փաթեթի առաջարկ է ներկայացրել ամերիկյան Սենատին:
Հանձնախումբը դիմել է, մասնավորապես, Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագծի մշակման համար պատասխանատու հանձնաժողովին՝ կոչ անելով 70 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել Արցախի ականազերծման եւ վերականգնման, սահմանից դիպուկահարների հեռացման Ռոյս-Էնգել նախագծի կյանքի կոչման, ԱՄՆ-Հայաստան տնտեսական եւ ռազմական համագործակցության ծավալման եւ Հայաստանին որպես Մերձավոր Արեւելքում փախստականների ապաստարանի աջակցելու համար:
Րաֆֆի Գարագաշյանը, մասնավորապես, առաջարկել է 6 միլիոն դոլար տրամադրել Արցախին՝ ականազերծման եւ հաշմանդամների վերականգնման համար եւ 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաեւ 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Մերձավոր Արեւելքից փախստականների ընդունման համար օգնություն: Նաեւ առաջարկվում է կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
Առաջարկ-նամակում ANCA-ի ներկայացուցիչը կոչ է արել հանձնաժողովի անդամներին՝ Թրամփի վարչակազմին դրդել ամբողջապես կիրառել ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաեւ վերջնականապես արդիականացված կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ստորագրել: