Զոհրաբյան. Քաղաքական հարցերը բռնությամբ չպետք է լուծվեն
Մեր երկրում արդարության լրջագույն ճգնաժամ կա: Կան նաև լրջագույն համակարգային արատներ, որոնք այլևս մեր երկրի անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Պետք է օր առաջ փոխել այս ամենը։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինիս համոզմամբ` քաղաքական հարցերը բռնությամբ չպետք է լուծվեն, քանի որ բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։
«Չկա որևէ նպատակ, որը կարդարացնի քո արյունակցի վրա ձեռք բարձրացնելը։ Չի կարող որևէ, անգամ ամենաազնիվ նպատակը արդարացնել քո եղբոր, քո արյունակցի սպանությունը: Երբեմն թվում է, թե այլ ելք այլևս չկա, բայց՝ ելք միշտ կա։ Բռնությունը, քո արյունակցի վրա ձեռք բարձրացնելը չի կարող ելք լինել։ Այդպես չպետք է լինի։ Հայը միայն իր թշնամու վրա պիտի զենք բարձրացնի՝ պաշտպանելով իր հայրենիքը։ Ցանկացած իշխանություն անցողիկ է։ Հավերժ իշխանություններ չեն լինում»,- ասել է նա։
ԲՀԿ ղեկավարի խոսքով, պետությունն ու հայրենիքը չեն կարող անցողիկ լինել։ Ու մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում առաջին հերթին մեր հայրենիքի ու մեր հայրենակցի համար։ Ամեն մեկս մեր տեղում։
«Ես և իմ գործընկերները կրկին կոչ ենք անում այս պահին բարիկադի երկու կողմերում կանգնած մեր հայրենակիցներին՝ բռնությամբ որևէ հարց չլուծել։ Ամենաարմատական ընդդիմախոսի հետ միշտ կա երկխոսությամբ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հնարավորություն։ Չկորցնենք այդ հնարավորությունը։ Մենք ներքին թշնամիներ չպիտի ունենանք՝ մենք արտաքին այնպիսի թշնամի ունենք, որ ամեն պահի զգոն պիտի լինենք՝ հանուն մեր հայրենիքի ու հանուն սահմանին կանգնած մեր երեխաների»,- ասել է նա` հորդորելով կանգ առնել ու սկսել երկխոսել, քանզի այլ ճանապարհ չկա։
Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկուսը՝ վիրավորվել:
Սեֆիլյանի կողմանկիցները պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու Վոլոդյա Ավետիսյանին: Բացի այդ նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում, սակայն զինված խմբի պահանջները չեն կատարվել, մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանն ազատ չի արձակվել: «Առայժմ Սեֆիլյանին ազատ արձակելու և զինված խմբի մոտ բերելու նպատակ չկա»,- նշել է նա: