Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ:
Հարցին՝ Քրեական օրենսգրքի ո՞ր հատկանիշներով է գործ հարուցվել, ծառայության մամուլի կենտրոնից փոխանցեցին՝ առայժմ չեն կարող հստակեցնել, հայտնում է «Ազատություն» ռադիոկանայանը: Ուշագրավ է, որ կիրակի օրը ԱԱԾ-ի տարածած առաջին երկու հաղորդագրություններում խոսվում էր միայն «մի խումբ զինված մարդկանց» մասին, իսկ երրորդ հաղորդագրությունում արդեն առկա էր «ահաբեկիչներ» բառը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով, ԱԱԾ-ն պարտավոր է հանրությանը տեղեկացնել, թե ինչ հատկանիշներով է հարուցվել քրեական գործը, որովհետև հատկապես նման իրավիճակների քննությունը պետք է հանրության համար ամբողջովին թափանցիկ լինի:
«Գուցե քանի դեռ հանգուցալուծում չկա և բանակցային գործընթաց է գնում, գուցե չեն հրապարակում բանակցային գործընթացին չխանգարելու համար, բայց դա էլ հետագայում իրենք պիտի որևէ պետք պատճառաբանեն, թե իրոք պատճառ կա՞ր հանրությունից ինչ-որ բան թաքցնելու, թե՞ չկար», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Վարոսյանը:
Ըստ փաստաբանի, անցած օրերին ակնհայտորեն խախտվել է անմեղության կանխավարկածը․ - «Ահաբեկիչ ասելը կամ ահաբեկչություն ասելը արդեն քրեաիրավական գնահատական է: Կա Քրեական օրենսգրքի համապատասխան հոդված՝ «Ահաբեկչություն», և կիրառել ահաբեկիչ տերմինը որևէ անձի նկատմամբ կարելի է միայն այն դեպքում, երբ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ այդ անձի նկատմամբ»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մինչդեռ, ասում է՝ ԱԱԾ-ի որոշելու հարց է՝ հարկավո՞ր է արդյոք ներկայացնել, թե ինչ հատկանիշներով է քրեական գործ հարուցվել, թե՞ ոչ: «Վարույթն իրականացնող մարմնի որոշելու խնդիրն է․ որ տվյալը որ համարվում է հրապարակման ոչ ենթակա՝ նշանակում է նախաքննության գաղտնիքի հարց է», - ասաց Թաթոյանը: