Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան
Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է:
«Հարությունանի դեմ ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դրանք այս պահին չեն հրապարակվում:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը ներկայումս Ռուսաստանի Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում կրում է պատիժը՝ 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկումը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Հետաքննությունը պարզել էր, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի հետեւանքով արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել և Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը, որը մտել է վերջնական փուլ: