Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-ին այցելել է «Ծիծեռնակաբերդ»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։
Ինչպես հայտնում է news.am-ը, Հնդկաստանի փոխնախագահին ուղեկցել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նաբանդյանը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Համիդ Անսարին ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ եւ ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ։
Հնդկաստանի փոխնախագահն ու ՀՀ ԱԳՆ ղեկավարը լուսանկարվել են Արարատ լեռան ֆոնին։
Համիդ Անսարին այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ ծանոթացել է Օսմանյան կայսրության ղեկավարության հայ ժողովրդի ոչնչացման դաժան ծրագրերի մանրամասներին։ Ի պատասխան այն հարցին, թե ինչից է նա ավելի շատ տպավորվել, Անսարին ասել է. «Մարդկային սխալի, մարդկանց՝ մեկ այլ մարդկանց նկատմամբ կատարած աննկարագրելի բաների մասին հիշեցնող հուշահամալիրից»։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ հյուրերի համար նախատեսված մատյանում Հնդկաստանի փոխնախագահը գրել է. «Այս հուշահամալիրը վառ վկայությունն է այն բանի, որ հայերը տուժել են դաժան բռնությունից։ Միայն հենվելով ազատության եւ հանդուրժողականության արժեքների վրա՝ մենք կարող ենք խաղաղ ու ներդաշնակ ապագա կառուցելու հույս ունենալ»։
Համիդ Անսարին եղեւնի է տնկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արահետում։ Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին երկօրյա այցով գտնվում է Հայաստանում։
Ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ 25 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն:
Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը: