Սահմանադրական դատարանն այսօր սկսել է քննել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։
ԿԸՀ-ում դիմումի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել էր, որ «Կոնգրես-ՀԺԿ» կողմից փաստաթղթում բերված խախտումներից շատերը կրկնվում են, իսկ որոշները ուղղակի խախտումների բացակայության մասին են մատնանշում, այսինքն՝ իրավական հիմքեր չեն ներկայացվել։
Դաշինքը ներկայացնող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր խոսքում անդրադարձավ այն բոլոր ընտրախախտումներին, որ արձանագրվել են ապրիլի 2-ին: Նաև խոսեց այն միջադեպերի մասին, որոնք արդեն ընտրություններից հետո են հայտնի դարձել հանրությանը և դարձյալ վկայում են չարաշահումների, ադմինիստրատիվ և բիզնես ռեսուրսի կիրառման մասին, որն, անկասկած, չէր կարող չազդել վերջնարդյունքների վրա:
Օրինակ, Զուրաբյանը մատնանշեց «ՍԱՍ Գրուպի» ժողովի հայտնի ձայնագրությանը և նշեց, որ խոսքը այն պատգամավորի մասին է՝ Արտակ Սարգսյանի, ով վերջին հինգը տարիների ընթացքում գեթ մեկ բառ Ազգային Ժողովում չի արտասանել: Ըստ ընդդիմադիր գործչի, այդ ձայնագրությունը ցույց է տալիս, թե ինչպես են լռության ուխտ պահպանող պատգամավորները վերընտրվում խորհրդարանում: Թեև, նրա խոսքով, սա միակ դեպքը չէ, երբ վերընտրվում են պատգամավորներ, որոնք որևէ ընթացակարգում որևէ բան չեն ասել:
«Մասայաբար պետական իշխանության լծակների ապօրինի կիրառմամբ Հանրապետական կուսակցությունը խափանել է ժողովրդի կամքի ազատ ձևավորումն ու արտահայտումը և ձևավորել է Ազգային Ժողովի կազմ, որը նախապես նախագծվել է իշխող կուսակցության կողմից»,- հայտարարեց նա:
Մյուս խնդիրը, որ մտահոգության տեղիք է տալիս, ՀԱԿ ներկայացուցչի կողմից մատնանշված ժողովրդագրական ցուցանիշներն են, որոնք որևէ կերպ չեն համապատասխանում հայտարարված արդյունքների հետ. «Այսպիսի մասնակցության թիվ բռնապետական երկրներում միայն գոյություն ունի, տեսանյութեր կան, որտեղ մարդկանց գրկած են բերել ընտրատեղամաս»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Ի դեպ, պատգամավորը այն կարծիքին է, որ ընտրատեղամասերի տեսանյութերի ուսումնասիրությանն ավելի շատ բան է բացահայտում, քան վստահված անձինք:
Քննարկումը ՍԴ-ում շարունակվում է, մանրամասները կներկայացնենք հաջորդիվ: