Արցախի ժառանգությունը հեչ, Պաղեստինինը մե՞ջ
Օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ից եղավ հայտարարություն, որ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:
Ես սա ընկալում եմ որպես կարևոր, դրական քայլ՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով։ Բայց այդ քայլը իմ և իմ պես շատերի աչքում արժեզրկվում է, երբ հիշում ենք, որ սա նույն ԱԳՆ-ն է, որը վախենում է ծպտուն հանել Արցախում քրիստոնեական հսկայական ժառանգության վերացման մասին։ Այդ ժառանգությունը ոչ միայն հայկական պատմության ու մշակույթի մաս է, այլ նաև քրիստոնեական աշխարհի սեփականությունն է, և դա այնքան ճիշտ դիվանագիտական փաթեթավորմամբ կարելի է ներկայացնել ու գործնական քայլեր անել այդ ժառանգության վերացումը կանխելու համար։
Ավելին՝ սա նույն կառավարությանը ծառայող ԱԳՆ-ն է, որի ղեկավարը ամսիներ առաջ հայտարարել էր, որ արցախցիների հարցը բանակցային օրակարգում չի կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլևս հայություն չկա․․․Կարճ ասած՝ չկան հայեր, չկա խնդիր հայտնի արտահայտության ոճով։
Ինձ համար այս վարքը նույնն է, որ օրինակ՝ քո տան, ընտանիքիդ անդամը օգնության կարիք ունենա, բայց դու իրեն օգնելու համար քեզ որևէ նեղություն չտաս, ավելին՝ ասես, գնա, քո հարցերը ինչպես կարող ես լուծիր, ինձ համար դու բեռ ես։ Բայց միևնույն ժամանակ՝ վազես օգնելու հարևանիդ ընտանիքի անդամին, երբ կարիքի մեջ լինի։ Այստեղից էլ գալիս է հանրային համապատասխան վերաբերմունքը՝ թե որքանով ես դու ազնիվ քո մղումների ու արարքների մեջ․․․
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան