ԱՊՀ անդամ պետությունների նախագահները կհանդիպեն սեպտեմբերին Դուշանբեում
ԱՊՀ անդամ պետությունների նախագահները կհանդիպեն սեպտեմբերի վերջին Դուշանբեում: Այդ մասին որոշում է կայացվել այսօր Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում:
Բելտայի հաղորդմամբ, դրա նախօրեին՝ սեպտեմբերի 27-ին, Դուշանբեում տեղի կունենա ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, մինսկյան նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, քաղաքական, անվտանգության, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի որոշումների նախագծեր, որոնք արժանացան նախարարների հավանությանը։
Արտաքին գործերի նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ, անդրադարձան ԱՊՀ մասնկաից երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների անցկացման հարցերին։
Նախարարները հավանություն տվեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցութան մասին Համաձայնագրի», ինչպես նաև «Հանցավորության դեմ համատեղ պայքարի 2019-2023թթ. միջպետական ծրագրի» նախագծերին։
Նիստի մասնակիցներն անդրադարձան «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրին, որի նպատակն է երիտասարդներին ներգրավել ԱՊՀ մասնակից երկրների առջև ծառացած խնդիրների լուծման մեջ։
Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018թ. սեպտեմբերին։
ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում ունեցան Բելառուսի նախագահի հետ: