18.05.2025
Էրդողանը գոհ է. Թուրքիայի ժողովուրդը կայացրեց պատմական որոշում
17.04.2017
Էրդողանը գոհ է. Թուրքիայի ժողովուրդը կայացրեց պատմական որոշում

Ընդամենը 1,25 մլն ընտրողի տարբերությամբ Թուրքիայում կիրակի օրը անցկացված սահմանադրական հանրաքվեում հաղթել են երկրի կառավարման մոդելի փոփոխման կողմնակիցները: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմը հայտարարել է, որ բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին` այդպիսով ընդլայնելով նախագահի լիազորությունները: Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51,3%-ը, կողմ է քվեարկել, նախագահի լիազորությունների ընդլայնմանն ու ընդանուր կառավարման համակարգի փոփոխմանը դեմ է քվեարկել 48,7%-ը:  ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հանրաքվեն անցել է ընդհանուր առմամբ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում `բացառությամբ որոշ լոկալ միջադեպերի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժողովուրդը երկրի կառավարման համակարգի հարցում կայացրել է պատմական կարևոր որոշում, որի շուրջ բանավիճում էին վերջին 20 տարվա ընթացքում: Նրա խոսքով` թուրք ազգը պաշտպանեց իր ապագան և բոլորը, այդ թվում Թուրքիայի դաշնակիցները, պետք է հարգեն ժողովրդի այս որոշումը:  "Մինչ հանրաքվե ճանապարհը շատ բարդ էր, բայց Թուրքիան այն հաղթահարեց և սկսում է կյանքի կոչել ամենակարևոր բարեփոխումը: Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի կառավարման համակարգը փոփոխվում է քաղաքացիական-քաղաքական համակարգի միջոցով, այլ ոչ թե կառավարությունների ձեռքով, որոնք իշխանության են եկել հեղաշրջումների և հեղափոխությունների շնորհիվ",- ասել է Էրդողանը: Ռեջեփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթով երկրի նախագահի լիազորություններն շեշտակի կընդարձակվեն: Նա իր ձեքում կկենտրոնացնի փաստացի ողջ գործադիր իշխանությունը՝ վերացնելով վարչապետի պաշտոնը: