Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ հրթիռների վաճառքի նկատմամբ արգելք սահմանելու մասին օրինագիծ: Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, բանաձեւը ներկայացրել է իշխող հանրապետական կուսակցության կոնգրեսական Փոլ Ռենդը: Օրինագիծը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի կայքում: ԱՄն հանրապետական կոնգրեսական Փոլ Ռենդը բանաձեւի նախագիծը ներկայացրել է դեկտեմբերի 7-ին: Երկու անգամ ընթերցվելուց հետո այն փոխանցվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին: Բանաձեւով առաջարկվում է մերժել Վրաստանին 410 միավոր Javelin հակատանկային հրթիռ եւ 72 միավոր արձակման կայան վաճառելու մասին որոշումը: Համաձայն ԱՄՆ-ում գործող ընթացակարգի՝ եթե Կոնգրեսը հավանություն տա բանաձեւին եւ ԱՄՆ նախագահն էլ վավերացնի՝ ապա Վրաստանին այդ համակարգերը չեն վաճառվի: Դրա հավանականության մասին առայժմ վաղ է խոսել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն էր տվել Վրաստանին Javelin համալիրներ վաճառելու մասին որոշմանը: Այն ուժի մեջ մտնելու համար պետք է ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում: Հավելենք, որ Փոլ Ռենդն իր թեկնածությունն էր առաջադրել 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից մասնակցելու համար, բայց ներթեկնածուական պայքարում պարտվել էր: