25.11.2024
Դուք լվացել եք Ձեր ձեռքերը, ինչը շատ վտանգավոր է. «Սասնա ծռեր»-ը զգուշացնում են Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանն ակտիվացել է, իշխանության ղեկին վերադառնալու ուղիներ է փնտրո՞ւմ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում է կուսակցության գրասենյակ, հանդիպումներ ունենում տարբեր մարդկանց հետ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ հանդիպումների ժամանակ նա քննարկումներ է բացում ամենատարբեր թեմաների շուրջ, լսում տեսակետներ, ինքն է կարծիք հայտնում, բայց իր գործողությունների եւ պլանների մասին որեւէ մեկի հետ չի կիսվում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի անդամ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության ղեկավար, հաճախակի է այցելում Մելիք-Ադամյանում տեղակայված գրասենյակ եւ տարբեր հանդիպումներ ունենում: Սակայն պարոն Թադեւոսյանն այդ հանդիպումների մասին մանրամասներ չցանկացավ հայտնել:

Նկատենք, որ շատերին Սարգսյանի այս հանդիպումների շարքը հիմք է տվել ենթադրելու, որ նա, այնուամենայնիվ, իշխանության ղեկին վերադառնալու ուղիներ է փնտրում, մանավանդ, երբ օրենսդիրում իշխանությունը դեռ ՀՀԿ ձեռքին է. այստեղ նրանք ունեն կոճակային մեծամասնություն: Մինչ այդ մեկ ուշագրավ փաստ էլ. եթե վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո խոսվում էր նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնից նրա հեռանալու մասին, նաեւ նշվում էր, որ կուսակցության ղեկավար դառնալու է ՀՀԿ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, ապա հիմա այս հարցն օրակարգից ընդհանրապես դուրս է եկել: Ավելին` քաղաքական հայտնի իրադարձություններից հետո Կարեն Կարապետյանն այս օրերին իրեն ՀՀԿ-ից ակնհայտ հեռու է պահում, առհասարակ չի շփվում կուսակիցների հետ եւ անգամ բացակայել է Գործադիր մարմնի վերջին նիստից»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ երեկ իր կուսակիցներին հավաքել եւ ժողով է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանն իր մոտ է հրավիրել տարածքային կառույցների ղեկավարներին եւ նրանց հանձնարարել ակտիվորեն զբաղվել կուսակցության գաղափարների եւ ծրագրերի քարոզչությամբ: Նա հանձնարարել է հիմնական շեշտը դնել 2017 թվականի կուսակցության նախընտրական ծրագրի ու դրա հիմքում ընկած 15 կետերի վրա»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը շարունակում է երկու տարի առաջ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում մնալ: Խոսքը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած բախումների կապակցությամբ հարուցված գործի մասին է: Թեեւ Սանասարյանի խափանման միջոցը փոխվեց, ու նա կալանքից ազատ արձակվեց, սակայն քրեական հետապնդումը չի դադարեցվել` հակառակ այն բանի, որ հարուցված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ուներ: Փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս գործով տեւական ժամանակ է` որեւէ քննչական գործողություն չի կատարվում, բայց եւ այն չի կարճվում: «Այդպես չի լինում, յուրաքանչյուր երկու ամիսը մեկ նախաքննության ժամկետ է երկարացվել, ինչի՞ հաշվին եք երկարացրել, ինչո՞ւ է այդպես: Սա ուղղակիորեն հաստատում է, որ այն ժամանակվա իշխող կուսակցության կողմից քաղաքական պատվեր է կատարվել»,- ասաց նա»:

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարեւանների կողմից։ Խոսքն Իրանի եւ Ռուսաստանի մասին է։ Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Սորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արեւմտամետ։
Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի ծառայել, այլեւ տնօրինելու է բանակի եւ ռուսական ռազմաբազաների տեղեկատվությունը։ Այս նշանակումը լավ չեն ընդունել նաեւ Արցախում, որտեղ կարծում են, որ չի կարելի ռուսների հետ հարաբերություն փչացնել»։

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչեւ Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին։ Նա այժմ բացակայում է՝ մայրիկի մահվան պատճառով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները չնայած երեկ հայտարարում էին, որ իրենց թեկնածուն Լենա Նազարյանն է, սակայն տեղեկություն կա, որ դրան հավակնում է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Բանն այն է, որ ի սկզբանե նրա եւ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն է քննարկվել խմբակցության ղեկավարի պաշտոնում, եւ Մարուքյանը կարծում է, որ Փաշինյանի դուրս գալուց հետո հարցը պետք է լուծվի մեխանիկորեն։ Նրա թիմակիցներն էլ կարծում են, որ քաղաքական նոր իրողությունները չեն կարող արտացոլվել խմբակցությունում, քանի որ այն ոչ թե հեղափոխության արդյունքում է ձեւավորվել, այլ՝ ընտրությունների, որի ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորել է Մարուքյանը»։

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրաթերթի տեղեկություններով` մի շարք «օրենքով գողեր» եւ քրեական հեղինակություններ վերջերս լքել են Հայաստանը: Սա թավշյա հեղափոխության հաղթանակից հետո եղավ, երբ նոր իշխանությունն ակտիվորեն սկսեց բաժիններ հրավիրել քրեական աշխարհի ներկայացուցիչներին բացատրական աշխատանքներ տանելու համար: Մեր տեղեկություններով` նրանցից ոմանց իրավապահները բերման են ենթարկել փողոցից կամ տնից, սակայն ոմանց էլ պարզապես քաղաքավարի հրավիրել են զրույցի: Քրեական աշխարհի ներկայացուցիչներն էլ շատ խելոք ենթարկվել են իրավապահների պահանջներին, գնացել են զրույցի: Իրավապահները նրանց զգուշացրել են շատ մեքենաներով չշրջել, իրենց պահել զուսպ եւ աչքի չընկնել. եթե նրանց կողմից որեւէ հակաօրինական դրսեւորում եղավ, ապա խիստ պատիժն անխուսափելի կլինի: Տեղի ունեցածը շատերին հիշեցրել է 1990-ական թվականները, երբ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին հաջողվեց կարճ ժամանակում Հայաստանը մաքրել քրեական տարրերից: Հիմա, փաստորեն, նման մեթոդով շարժվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության «Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ տեղի քաղաքական որոշ շրջանակներ համոզված են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանքից ազատվելուց հետո կարող է մեկնել Ստեփանակերտ եւ այնտեղ եւս թավշյա հեղափոխություն նախաձեռնել: Արցախի իշխանությունները մտահոգություն ունեն, որ նրա հայտնվելը կարող է ապակայունացնել իրավիճակը եւ հստակ երաշխիքներ են ուզում, որ կալանավայրից ազատվելուց հետո, նա իրենց համար գլխացավ չի դառնա: Վտանգը ռեալ է նաեւ այն առումով, որ հիմա չկա Երեւանի աջակցությունը»: