Նախնական տվյալներով՝ Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան: Այս մասին հայտնեցլ է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, տեղեկատվությունը ներկայումս ճշտվում է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է արդեն 328 զոհի մասին: Ավելի քան 2,5 հազար մարդ վիրավոր է: VERELQ-ը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: