16.05.2025
Սումգայիթի «պատմության շիտակ կողմը»․ ամերիկահայերի ցույցը Ադրբեջանի դեսպանատան առջեւ
28.02.2018
Սումգայիթի «պատմության շիտակ կողմը»․ ամերիկահայերի ցույցը Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով ճանաչել եւ վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին: Իրենց խոսքը ցուցարարներն ուղղել են ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Միացյալ Նահանգներին: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը ասում է. «Մենք Ամերիկայի կառավարությանը ասում ենք՝ շիտակ կողմի վրա պետք է կանգնես»: Պաշտոնական Բաքուն հերքում է Սումգայիթի ջարդերի համար որեւէ պատասխանատվությունը՝ հիշեցնելով, որ այն տեղի է ունեցել Խորհրդային միության օրոք, ուստի, դրա համար պատասխանատվություն պետք է կրեն խորհրդային իրավապահ մարմինները: Փոխարենը՝ Ադրբեջանը մեղադրում է հայերին Խոջալուում խաղաղ ադրբեջանցիներին ոչնչացնելու համար, գրում է Ամերիկայի ձայնը: Բողոքի հավաքված հայերը, սակայն այդ մոտեցման հետ համաձայն չեն, հիշատակելով Սումգայիթին հետեւած բազմաթիվ վայրագություններ՝ Գուրգեն Մարգարյանից մինչեւ Քյարամ Սլոյան: «Սումգայիթը 30 տարի առաջ եղավ, բայց կարող ենք ասել, որ եթե Ալիեւը եւ իր բանակը առիթ ունենան, նորից այդ տեսակ սպանություն կանեն հայերի դեմ»,- ասում է Արամ Համբարյանը: Հատկանշական է, որ խորհրդային շրջանում պաշտոնական վարկածի համաձայն՝ Սումգայիթում փետրվարի 27-29 զոհվել է 32 քաղաքացի, այդ թվում՝ 26 հայ եւ 6 ադրբեջանցի, մինչդեռ՝ ոչ պաշտոնական տվյալներով Սումգայիթում սպանված հայերի թիվը հարյուրից ավելի է: Հատկանշական է նաեւ, որ խորհրդային ղեկավարությունն ամեն կերպ փորձում էր կոծկել սպանդի փաստը, այսպես, փետրվարի 27-ի երեկոյան, երբ Սումգայիթում արդեն սպանում ու բռնաբարում էին Խորհրդային միության խաղաղ հայազգի քաղաքացիներին, «Время» լրատվական ծրագիրը պատմում էր Իսրայելում եւ Պանամայում բախումների մասին՝ խուսափելով Սումգայիթի ջարդերի որեւէ հիշատակումից: Ընտանիքով բողոքի եկած Հայկանուշ Կազանչյանը ցանկանում է Սումգայիթի ողբերգության մասին հայտնել ամբողջ աշխարհին. «Շատ կարեւոր է, որ աշխարհում իմանան, որ չի մոռացվում այսպիսի իրադարձությունը»: Իսկ ահա երեք տարեկան Մարիամը դեռեւս լավ չի պատկերացնում Սումգայիթում տեղի ունեցածը, սակայն ապրելով Միացյալ Նահանգներում, արդեն իսկ գիտակցում է հայրենի արմատները հիշելու կարեւորությունը: