24.11.2024
Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ ԵՄ-ում
prev Նախորդ նորություն

Մադրիդյան սկզբունքների «վախճանը» Բաքվին դրդելու է պատերազմի

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Արցախի հակամարտության վերաբերյալ արած վերջին հայտարարությունները, որոնք անհանգստության պատճառ են դարձել Բաքվում:


Հիշեցնենք, օրերս Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը «ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունի»:


«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները միտված չեն խաղաղության: Օրինակ՝ ԱԱԾ ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես տվյալ հարցով այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ», - ասել է Մամեդյարովը:


Հայկական կողմի գործողությունները ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում ոչ միանշակ են ընկալվում թե՛ Բաքվում, թե՛ Մինսկի խմբի համանախագահողների կողմից:


Նախ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն չի պատրաստվում բանակցել Արցախի իշխանությունների ու ժողովրդի փոխարեն ու Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Բաքվի կողմից կտրուկ հակադարձեցին Երևանին, որ Ադրբեջանն երբեք չի բանակցելու Ղարաբաղի հետ՝ բանակցությունների Երևան-Բաքու ֆորմատը Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի:


Դա Բաքուն հստակ սահմանել է և չի պատրաստվում նստել բանակցությունների Ստեփանակերտի հետ՝ այդ կերպ ճանաչելով Ղարաբաղին, որպես բանակցային կողմ ու սուբյեկտ:


Դրանից բացի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ոչ մի թիզ հող հանձնել Ադրբեջանին: Դրանց զուգահեռ Արցախի իշխանությունները շարունակում են Արցախի հարավի բնակեցման գործընթացը՝ ստեղծելով հայկական նոր գյուղեր և ավաններ: Դա նշանակում է, որ Արցախը չի պատրաստվում այս պահին բնակեցվող տարածքները հետ վերադարձնել Ադրբեջանին՝ դրանով փակելով նաև այդ շրջաններ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը:


Բացի այդ, այս պահին Արցախը ՀՀ-ին կապող երկու ճանապարհներին՝ Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Լաչին, շուտով գումարվելու է նաև Կապան-Կովսական ճանապարհը, ինչով ակտիվացվելու է տնտեսական կյանքը Արցախի հարավում ու ՀՀ Սյունիքի մարզում:


Այս բոլորին զուգահեռ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը գիրք է հրատարակում՝ Արցախի ջրային անվտանգության մասին, որտեղ նշվում է, թե ռազմավարական ինչ կարևոր նշանակություն ունի Քելբաջարի շրջանը, որպես Արցախի խմելու ջրի պաշարների հիմնական վայր: Դա նույնպես մեսիջ է, որ Ստեփանակերտը չի պատրաստվում այդ շրջանը հանձնել Ադրբեջանին:

Վերոնշյալը ֆիքսում են նաև Բաքվում ու նրանց մոտ ավելի շատ է ամրապնդվում հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունը:


Հայկական կողմի քայլերը՝ թե՛ բնակեցման, թե՛ նոր լոգիստիկայի ստեղծման առումով ցույց են տալիս, որ մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջ տարիներ շարունակ բանակցում էին կողմերն, այս պահին ակտուալ չեն՝ հայկական կողմը բնակեցնում ու շենացնում է այն շրջանները կամ անվտանգության գոտին, որը, ըստ մադրիդյան սկզբունքների առաջին իսկ կետերի, պետք է վերադարձվի Ադրբեջանին ու այնտեղ պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները, ինչն անհնար է դառնում հայերի բնակեցման պարագայում:


Ադրբեջանը Մինսկի խմբին կարող է կոչ անել ստիպել ՀՀ-ին կյանքի կոչել մադրիդյան սկզբունքները, սակայն Հայաստանի նոր իշխանությունների համար Ղարաբաղում գոնե մեկ շրջան հանձնելը կնշանակի քաղաքական ինքնասպանություն, այն է՝ իշխանափոխություն, հնարավոր է անգամ ռազմական հեղաշրջման կամ փողոցի միջոցով:


ՀՀ-ի քաղաքացիներն ու արցախցիները չեն թողնի ոչ մի իշխանության Երևանում գնալ Արցախում հողերի հանձնմանը:


Այսօրվա ՀՀ իշխանությունները, լավ դասեր քաղելով երկրի նորագույն պատմությունից, հասկանում են՝ այն իշխանությունը, որը փորձում է գնալ զիջումների Արցախի հարցում, տապալվում է և հեռանում քաղաքական դաշտից:


Եթե հայկական կողմերը չեն զիջելու, ապա այս պարագայում Բաքուն կրկին անգամ վերադառնում է Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու ռազմավարությանը և այս իմաստով նրան այլընտրանք չի մնում՝ Իլհամ Ալիևը սեփական հասարակության մոտ շատ բարձր պլանկա է դրել Ղարաբաղի վերադարձման խոստումներով:


Որոշ փորձագետներ նշում են, որ ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ի իշխանությունների միջոցով Ադրբեջանին հրահրել պատերազմի, ինչի հետևանքով Իլհամ Ալիևը կտապալվի և հեղաշրջման միջոցով Բաքվում իշխանության կգան ԱՄՆ-ի հսկողության տակ գտնվող իսլամիստները: 


Դա սցենարներից մեկն է. ժամանակը ցույց կտա, թե Ալիևն ինչպիսի դիրքորոշում կորդեգրի պատերազմ սկսելու առումով՝ հաշվի առնելով ներքին բազմաթիվ հարցեր: