Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների ոլորտի իր բիզնեսում պատրաստվում է այս ամիս Նյու Յորքում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնել (Initial Public Offering): Գործարքով զբաղվելու է նրա զարմիկը՝ Մարտին Էռնեկյանը: Bloomberg.com-ի հաղորդմամբ՝ դա խիստ խորհրդանշական քայլ է. հայ մեծահարուստը այդ քայլով կազդարարի թանկարժեք բիզնեսի կառավարման ղեկի փոխանցումն իր իսկ ընտրած իրավահաջորդին: Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցի ժամանակ Էռնեկյանը ասել է. «Ես եմ դիմում նման քայլի, սակայն դա չի նշանակում, որ կառավարողը ես եմ: Միակ մարդը, ով կառավարում է օդանավակայանները, զարմիկս է»: Էռնեկյանի՝ ամբողջ աշխարհում 51 օդանավակայան ղեկավարող Corporacion America Airports SA ընկերությունը մտադիր է հունվար-փետրվար ամիսների ընթացքում վաճառքի հանել 750 մլն դոլարի արժեթուղթ: Հայտնի է, որ ընկերությունը 2017թ. առաջին 9 ամսում վաստակել է 1.2 մլրդ դոլար: Էռնեկյանին է պատկանում նաև «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։ 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին: 2006թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 95%-ը։ Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։