Սերժ Սարգսյանի հրաժարականից ուղիղ մեկ տարի անց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշ մանրամասներ է ներկայացրել մինչեւ Սարգսյանի հրաժարականը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Սարգսյանի հրաժարականի շուրջ տեղի ունեցած բանակցություններից:
«Գուցե տարօրինակ հնչի, բայց ողջ Շարժման ամենահանգիստ կամ երևի ավելի ճիշտ միակ հանգիստ օրն իմ համար Էրեբունիում Ձերբակալվածների Պահման Վայրում գտնված ընթացքն էր»,- այս մասին իր Facebook-յան էջում գրել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։ Մեզնից վերցրեցին գոտիներս և կոշիկներիս կապիչները, մնացածը Շենգավիթում ՀՔԾ քննիչներն էին վերցրել։ Խնդրեցի մի կապիչը երկու կես անել, որ գոնե փոքրիկ կապ կարողանամ անել վերևի անցքերով, որ կարողանամ քայլել։ Համաձայնեցին։
Տարան տարբեր խցեր։ Արդեն հետո պիտի իմանայինք, որ նույն վայրում են Ավինյանը, Արմեն Գրիգորյանը, մյուս ընկերներից շատերը։
Պառկեցի։ Երբեմն-երբեմն ջեռուցման խողովակով որոշակի տակտով հարվածներ էին լսվում։ Դժվար էր շփոթել տակտը՝ քայլ արա մերժիր սերժին։ Նույնն էինք պատասխանում։
Չգիտեմ, թե ինչքան անցավ, բայց դուռը բացվեց, և խցիս մյուս տղային կարգադրեցին դուրս գալ, ինչից հետո մի բարձրաստիճան պաշտոնյա ներս մտավ։ Հետագա ժամերի ընթացքում սա կրկնվեց նորից ու նորից ու նորից ու նորից։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս էին տեսակցելու և բանակցելու։ Բոլորին ասում էի՝ գնացեք Սերժին ասեք թող հրաժարական տա՝ ձեզ էլ, երկիրն էլ իր հետ անդունդն է տանում, դրանից հետո կգաք կբանակցենք։
ՄԻՊ Արման Թաթոյանի այցից հետո ինձ մի ռադիոընդունիչ բերեցին։ Վերջապես տեղեկություն ստացա, թե ինչ է կատարվում դրսում։ Նիկոլի տեղն առաջվա պես անհայտ էր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել։ Հսկիչներին խնդրեցի մաս-մաս անել և բաժանել բոլոր ձերբակալվածներին։
Առավոտյան նույնը։ Շըխկ-շըխկ, ճըռռ, բարև ձեզ, տղա ջան դու դուրս արի։ Քիչ անց ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Երկուսս էլ վառեցինք սիգարետները։ Նույն մեսիջները երկու կողմից։ Խոսակցությունն էլի փակուղի մտավ։
- Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում,- ասեց։
- Իհարկե,- պատասխանեցի։ Չէի խաբում։
- Դե գնանք բոլորով միասին խոսենք։
Ուղեկցեցին մի այլ խուց։ Նիկոլն էր նստած։ Փաթաթվեցինք, իրար որպիսություն հարցրեցինք։ Պատմեց, որ տարել են Սևան ու անմիջապես հետ բերել Երևան։ Սասունին էլ բերեցին։ Կարեն Կարապետյանը կարգադրեց մեզ սուրճ տալ։
Հասկացա, որ ողջ ընթացքում բանակցել են երեքիս հետ էլ առանձին-առանձին, փորձել են թույլ տեղ գտնել։ Երեքս էլ բոլորին նույնն ենք ասել՝ միայն հրաժարական։ Նիկոլն էլ վերջում ասել էր, որ մեզ էլ կանչեն, որ միասին պայմանները քննարկենք։
Փոխանցեց աշնանը Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալու պատրաստակամությունը։ Բնականաբար ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք։
Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ Մեկ-երկու ժամվա մեջ,- ասեց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի։
- Դե միասին գնանք Հրապարակ,- ասեց։ Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք։
Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։
Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչև հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ», - ասված է նրա գրառման մեջ։