Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ որդուն չի նշանակել «յուղոտ» պաշտոնի. ՊԵԿ-ը հերքում է
«Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր վարորդի մորաքրոջ որդուն նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող՝ Նորագավիթի մաքսային կետի տնօրեն:
Թերթը նաև հիշեցրել էր, որ երկու շաբաթ առաջ «վարչապետը այդ մաքսակետում կարգադրել էր աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաեւ մաքսատան պետը»:
Պետական եկամուտների կոմիտեից, սակայն, հերքում են այս տեղեկությունը:
«Շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ: Մաքսային ծառայության փոխգնդապետ Գեղամ Սարմազյանը, ով ՊԵԿ նախագահի հրամանով ապրիլի 15 ի նշանակվել է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ՝ չի հանդիսանում վարչապետ Փաշինյանի վարորդի մորաքրոջ որդին։ Նա համակարգում վաղուց է աշխատում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Գեղամ Սարմազյանը համակարգում տեսուչից հասել է մինչեւ տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ, վերջին մոտ 6 ամիսներին էլ եղել է Արեւմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալը»,- հայտնում են ՊԵԿ լրատվության վարչությունից։