VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում ամեն ինչ իրար է խառնել։ Եղած խնդիրներին գումարվել են նորերը, բոլորն սկսել են բոլորից զգուշանալ ու միմյանց կասկածել։ Այս վիճակն առկա է նաեւ ամենաբարձր մակարդակում։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Դավիթ Սանասարյանի գործը Վանեցյանի համար փորձաքար է համարել. եթե ԱԱԾ-ին հաջողվի ծանրակշիռ հիմքով ապացուցել Սանասարյանի մեղավորությունը, Արթուր Վանեցյանը կշարունակի պաշտոնավարել, եթե ոչ, հրաժեշտ կտա պաշտոնին։ Ի դեպ, Փաշինյանի այս ցանկությունը նոր չէ, բայց առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ քայլերի դիմելուց եւ սպասում է հարմար պահի։ Այս ամենում հետաքրքիր դերակատարում ունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վարչապետի կարգադրությամբ աշխատանքից ազատված ու նախագահի աշխատակազմում անմիջապես աշխատանքի անցած Վանեցյանի մոր հանգամանքը, նույն տեղեկություններով, շատ ծանր է տարել Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հասկանում է, որ իշխանությունում հզոր բեւեռ է ձեւավորվում իր դեմ, ինչը պետք է կանխել որքան հնարավոր է շուտ։ Հիմա նյարդերի պայքար է գնում, ու թե ով ինչքան կդիմանա, ցույց կտա Դավիթ Սանասարյանի գործի ընթացքը»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լարված են վարչապետի եւ աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար: Նշենք, որ աշխատակազմում երեք առանցքային եւ հին աշխատողներ՝ Մարգարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը եւ Ամալ յա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանքների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճառով: Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու համար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը եւս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Վարչապետին բուհի դռների մոտ դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: Նրա հետ են եղել նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը եւ տնտեսագիտականի դեկան Հայկ Սարգսյանը: Սիմոնյանն ասաց. «Պրոռեկտորն այնտեղ է, ամեն հանդիպումներին պարտադիր չի, որ ես ներկա լինեմ»: Իրականում նախկինում չէր կարող լինել նման դեպք, որ երկրի ղեկավարն այցելեր մայր բուհ, ու ռեկտորը նրան հատուկ կարգով չդիմավորեր: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Սիմոնյանն իրեն դիմավորի: Եվ այդ հրահանգը բաց տեքստով Փաշինյանի արարողակարգից իջեցրել են ԵՊՀ ռեկտորատին, որ հանկարծ Սիմոնյանը չերեւա «սեւ շենքում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետ այցից եւ դրոշի պատմությունից շատերը դաս են քաղել։ Երեկ ԵՊՀ «սեւ շենք» այցելությունից առաջ ոչ միայն շենքի դրոշն են փոխել՝ նորը դրել, այլեւ աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել։ Ավելին, զգաստ վիճակում են եղել նաեւ այդ շենքին կպած բանասիրական ֆակուլտետում։ Բուֆետի աշխատակիցները մեզ ասացին, որ նոր ֆորմաներով են երեկ գնացել աշխատանքի՝ գուցե Փաշինյանն անակնկալ մատուցի եւ իրենց էլ այցի գա։ Արտաքին ատրիբուտները, իհարկե, կարեւոր են, բայց այսպիսով բովանդակությունը փոխարինվում է ձեւով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Փաշինյանն այդ մաքսակետում կարգադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաեւ մաքսատան պետը: Վարչապետի վարորդի մորաքրոջ տղան նոր Հայաստանում բավական արագ է պաշտոնի բարձրացում ստանում: Ավելի վաղ նա նշանակվել էր օդանավակայանի կարգոյի պետ, որը եւս չափազանց եկամտաբեր պաշտոն է համարվում»:
«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն օրերս կարգադրել է տեսչական մարմնի արևելյան տարածքային ստորաբաժանման նստավայրը, որն ընդգրկում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը, Սիսիանից Կապան տեղափոխել։ «Տեսչական մարմնի տեղակայման վայրի փոփոխության վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում կամ պաշտոնական տեղեկություն չկա։ Նախկինում Սիսիան քաղաքը որպես նստավայր ընտրվել է այն պատճառով, որ մոտ լինի Վայոց ձորի մարզին: Պարզվում է` այժմ նստավայրի տեղափոխության հարցում անմիջական դերակատարում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Շուշաննա Թևանյանը: Նա, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, այնպես է արել, որ տեսչական մարմնի ղեկավարը նստավայրը տեղափոխելու որոշում ընդունի,- ասաց «Իրատեսի» աղբյուրը` ի հավելումն նշելով, որ Թևանյանի հետաքրքրությունը տեսչական մարմնի տեղակայման փոփոխության հարցում կապված է մորն աշխատանքի տեղավորելու հետ: Մյուս աշխատակիցների համար մինչև հիմա անհասկանալի է` ի՞նչ վերլուծությունների հիման վրա կամ ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով են պատկան մարմինները նման որոշում կայացրել: Նրանց չեն ասել, որ, օրինակ, շենքային պայմաններն են ավելի լավը, տեխնիկապես առավել հագեցած է և այլն: «Հստակ է մի բան` Շուշանիկի` Կապանում բնակվող մայրիկին աշխատանքով ապահովելու խնդիր է դրված, հետևաբար, նման որոշում է կայացվել: Պարզ չէ սակայն, թե ինչ է լինելու մյուս աշխատակիցների (թվով` 12) ճակատագիրը` արդյո՞ք տրանսպորտ է տրամադրվելու նրանց տեղափոխության համար, կամ նման պայմաններում աշխատակիցները կցանկանա՞ն շարունակել աշխատել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագահների ու տեղակալների ավտոները ձեռներիցս առան»,- ասաց ԱԺ աղբյուրը: Նոր ավտոմեքենա՞ եք գնել Մակունցի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Նախորդ ԱԺ աշխատակազմը, հիշում եք, 4 նոր «Տոյոտա» էր գնել` ԱԺ փոխնախագահների համար։ Երբ ես նշանակվեցի, ինձ հատկացրին 15թ. «Տոյոտա», 4-րդ «Տոյոտան» մինչ իմ գալը շահագործում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հետո դիմում գրեց-գնաց, այդ մեքենան փոխանցվեց ինձ, ինձ տրամադրված մեքենան էլ տվեցինք Մակունցին. սա է ողջ պատմությունը»: Իսկ ոչի՞նչ, որ «Տոյոտաները» գնվում են «կոնկուրենտ ֆիրմայից»` Քոչարյանի, դա չի՞ խանգարում ձերոնց ինքնազգացողությանը։ «Նախ, ես ոչ մի կապ չունեմ «Իմ քայլի» հետ, ես կուսակցական մարդ չեմ, մենեջեր եմ, անում եմ իմ գործը։ Այսօր ԱԺ ավտոպարկում ունենք 10 մեքենա, իսկ 11-ը հետ ենք տվել պետությանը։ Դրանք հանձնաժողովի նախագահների ու տեղակալների մեքենաներն էին, ցանկանում ենք ԱԺ ծախսերը մինիմալի հասցնել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ավիակերոսինի ներմուծմամբ այլեւս սկսել է զբաղվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը: Յուրաքանչյուր իշխանության օրոք այս ոլորտը ձեռքից ձեռք է անցել. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ավիոկերոսինի ներմուծման մենաշնորհը Միքայել Բաղդասարովինն էր, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք անցավ Բարսեղ Բեգլարյանին: Նոր իշխանությունը այս ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետն էր, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվելիս սենսացիոն ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված ցուցմունքների սղագրությունից պարզ է դառնում, որ 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի եւ Արցախի սահմաններին Ադրբեջանն ակտիվացել է: «Մենք գիտենք, որ այդ ժամանակ ինչ-որ ակտիվացումներ են եղել սահմաններում»,- ասել է Գասպարյանը: Քննիչի հարցին, թե կոնկրետ կարող է նշել՝ ՀՀ որ սահմաններում ինչ ակտիվացումներ են գրանցվել, ՀՀ նախկին ոստիկանապետը պատասխանել է. «Տավուշի, Արցախի սահմաններով ակտիվացումներ են եղել: Ընդհանուր բնույթի Պրիամբուլայի նման, թե այս վիճակն է, այն վիճակն է, նման հայտարարություններ են եղել: Որպես կանոն, ներքաղաքական անցուդարձներն իրենց ազդեցությունն են թողնում սահմանային իրավիճակների վրա»: Հարցին, թե այդ դեպքում ինչու էր ՀՀ ՊՆ Զինված ուժերը կենտրոնացվում Երեւան քաղաքում, այլ ոչ թե սահմանային այն գոտիներում, որտեղ նկատվել են նման ակտիվացումներ, Գասպարյանը այսպես է պատասխանել. «Հարցը պետք է ուղղել ՀՀ ՊՆ-ին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Երեւի սահմաններում ուժերը բավարարել են, ինչից ելնելով էլ` ուժերի մի մասը բերվել է Երեւան»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «պրպտուն», ոչ միայն Մեռելոցի, այլեւ սբ Ծննդյան եւ Հարության օրերը փոխող (ապրիլի 21-ին, զատկական սուրբ Ավետիսը տալիս, Փաշինյան Նիկոլը խառնեց Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոները) իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը: Իշխանամերձ աղբյուրներն ասում են, թե առաջիկա «Եվրատեսիլում» Հայաստանը, ըստ ամենայնի, որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին, ելնելով Ղարաբաղյան խնդրում Փաշինյան-Ալիեւ, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների «խաղաղության-հումանիտար» ծրագրերի պլատֆորմից։ Ի դեպ, «Եվրատեսիլի» ադրբեջանցի ներկայացուցիչ Չինգիզի երգը եվրոպական բուքմեյքերները համարում են լուրջ ֆավորիտ, եւ Հայաստանն իր լուման կունենա այդ հաղթանակում: Հիշենք` «Եվրատեսիլն» այս տարի տեղի կունենա Իսրայելում` մայիսի 14-18-ին»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հանրության շրջանում շատ են խոսում ֆեյքերի եւ սոցցանցերի կեղծ օգտատերերի մասին, որոնք հիմնականում օգտագործում են քաղաքական շահեր հետապնդող կառույցները: Ոլորտի մեծ մասնագետ պետք չէ լինել նկատելու համար, որ ֆեյքերի հստակ ֆիքսված բանակ ունեն նաեւ իշխանությունները, որոնք լծված են ոչ միայն իշխանություններին փառաբանելու, հարձակումներից պաշտպանելու, այլեւ նախկին իշխանությունների գրառումների եւ «լայվերի» ներքո պարբերաբար գրառումներ կատարելու գործին: Սա բնական է, այդպես եղել է միշտ ու լինելու է: Սակայն ուշագրավ է այդ «բանակի» համակարգման ու հրահանգավորման գործընթացը: Անզեն աչքով էլ նկատելի է, որ իշխանական ֆեյքային օգտատերերն ամենաագրեսիվն են. նրանց գրառումներում գերակշռում են սարկազմը, անվանարկումները, անեծքը, ամբարտավանությունը, երբեմն նույնիսկ հայհոյանքները: Ըստ նախնական դիտարկումների, «նախկինների» կամ մի թեթեւ «հակաիշխանականների» հատկապես «լայվերի» ժամանակ գրեթե անընդհատ կրկնվում են նույն ֆեյքերի գրառումները. տպավորություն կա, որ նրանցից յուրաքանչյուրը ամեն «լայվի» համար գրառման քանակի պլան ունի: Ի դեպ, ուշագրավ է, որ դրանք արտահայտվում են հիմնականում նույն բառապաշարով ու շեշտադրումներով, ավելին՝ հաճախ նույն «բանալի» բառերով, որոնք հաստատ շարքային օգտատերերը չեն օգտագործում: Հասարակական կարծիքի ձեւավորման ճանապարհին ֆեյքային «պատերազմն» ընդունված է ամբողջ աշխարհում: Այստեղ իրոք արտասովոր բան չկա: Առավել արտասովոր է, երբ ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ: Եվ ընդհանրապես, քաղաքականության մեջ նույնիսկ մանիպուլ յացիոն պայքարի մեջ արտառոց բան չկա, եթե ամեն ինչ օրինականության սահմաններում է: Մնում է մի քիչ կրեատիվ լինել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող Earth link եւ Advanced Resources Development (ELARD) ընկերության հետեւում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի, այնտեղ կրթություն ստացած ու աշխատած Վարագ Սիսեռյանը: Մեր տեղեկություններով՝ հենց նրանց ուղղորդմամբ է կառավարությունը պետական բյուջեից 400 հազար դոլար տրամադրել այդ ընկերությանը՝ այն դեպքում, երբ Լիբանանը աշխարհին հայտնի չէ հանքավայրերի մոնիտորինգով զբաղվող ընկերություններով: Բայց հայտնի է ամենակոռումպացված երկիր լինելու համբավով: Հարցը այստեղ ոչ միայն 400 հազար դոլար գումարի յուրացման հնարավորությունն է, այլ որ Ամուլսարի հանքավայրի հարցով մենք կունենանք ուղղորդված եզրակացություն»: