«Ազգ-բանակ»-ն ըստ Վիգեն Սարգսյանի. իշխանության ձեռքը քաղաքացու ծակ գրպանում
ՀՀ Պաշտպանության նախարարությունը դարձյալ հայտնվել է հանրային դժգոհության թիրախում ու խնդիրը դարձյալ դրամահավաքությունն է, թեև այս անգամ՝ ոչ պարտադիր:Նախարար Վիգեն Սարգսյանը երկու օր առաջ Facebook-յան իր էջում գրառում կատարեց՝ հորդորելով օգնել վիրավոր զինծառայողներից մեկի բարդ վիրահատության կազմակերպման համար գումար հավաքել:«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- մասնավորապես գրառել էր նախարար Սարգսյանը:Այս տեքստի տակ բավականին բուռն քննարկումներ ծավալվեցին, որոնց մեծամասնությունը վրդովմունքի, քննադատության նրբերանգ են պարունակում: Օգտատերերը անմիջապես հիշեցին, որ ամիսներ առաջ օրենքով պարտադրված դրամահավաք ամրագրվեց և ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձից ամսական 1000 դրամ է վճարում պետությանը՝ զինծառայողներին օգնելու համար: Հարցն, որ ամենից շատ է տրվել այս գրառման մեկնաբանություններում ՝ինչո՞ւ այդ հիմնադրամի միջոցներով հնարավոր չէ կազմակերպել զինվորի վիրահատությունը, ի վերջո $45 000-ը այդքան էլ մեծ գումար չէ: Ուշագրավն այն է, որ Վիգեն Սարգսյանը (կամ գուցե ոչ ինքը, այլ իր ներկայացուցիչը), բոլոր մենկաբանություններին պատասխանում էր և հիմնադրամի մասով էլ մի քանի անգամ մանրամասնել է. «Այն տարածվում է միայն 2017թ հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերը։ Ալբերտոի դեպքն առանձին վերաբերմունքի կարիք ունի։ Փորձում եմ օգնել։ Աչքով չտանք, ոնց որ ստացվում է։ Մի քանի ժամում մի քանի հազար հավաքեցինք։ Փորձեք դուք էլ միանաք այս գործին»։ Դժգոհության ու քննադատության չափաբաժինը շատ մեծ է, մի պահ նախարարի նյարդերը տեղի տվեցին և նա օգտատերին բոշա անվանեց: Վերջինս գրել էր. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձև է», ինչին ՊՆախարարը արձագանքել էր. «Բոշան դու ես»:Ոմանք մատնացույց արեցին այն թանկարժեք ավտոմեքենաները, որ զարդարում են ՊՆ առանձին պաշտոնյաների անձնական ավտոպարկերը և որոնց գնով կարելի է մի քանի զինվորի կյանք փրկող վիրահատություն անցկացնել: Էլ չասենք այն մեքենայությունների մասին, որոնց զոհ են դառնում զինված ուժերի շարքային ներկայացուցիչները, մինչ ոմանք հարստանում են ու համալրում օլիգարխիայի շարքերը: Ու այս ամենը արվում օրը ցերեկով, անթաքույց, սակայն մնում անպատիժ:Առանձին օգտատերեր շեշտադրում էին գրառման այն հատվածը, որտեղ նախարարը նշում է, որ ինքն ու իր ընկերները կհավաքեն անհրաժեշտ գումարի 10%-ը, այսինքն՝ $4500: Ըստ ոմանց, սա ուղղակի զավեշտալի է ու ավելի ճիշտ էր նախարարը այդ մասին չգրեր, լուռ իր նվիրատվությունն աներ, քանզի Վիգեն Սարգսյանն ու իր ընկերները հաստատ կարող են ավելի մեծ գումար նվիրաբերել: Իհարկե, ուրիշի փողերը հաշվելը անշնորհակալ գործ է, բայց ոչ այն դեպքում, երբ խոսքը պետական պաշտոնյայի մասին է, ում եկամուտները պետք է լինեն թափանցիկ հանրության համար, որի վարձատրության չափը հայտնի է և նա, ի վերջո, բոլորսի հաշվետու է: Սակայն հայտնի է, որ նախարարը բնակվում է Երևան քաղաքի ամենաթանկարժեք հատվածում, իսկ նրա երկու երեխաները այցելում են էլիտար «Այբ» դպրոցը, որտեղ ուսման մեկ տարվա վարձը, մեկ երեխայի համար, կազմում է 1 մլն 200 հազար դրամ: Մինչդեռ համաձայն նախարարի հայտարարագրի՝ 2016 թվականին նրա եկամուտները կազմել են 13 մլն 632 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից...Անշուշտ, գրառման շուրջ առկա աղմուկը պայմանավորված է ոչ թե նրանով, որ մարդիկ չեն ցանկանում օգնել վիրահատվելու կարիք ունեցող զինծառայողին. ամենևին: Հանրությունը մշտապես է օգնում՝ միայնակ ու սովի մատնված տարեցներին, քաղցկեղով կամ այլ ծանր հիվանդություններով հիվանդ երեխաներին, 20 տարի անց էլ գոյություն ունեցող աղետի գոտու ծայրահեղ անապահով ընտանիքներին, անգամ ավտոմեքենայի տակ ընկած շներին ու կատուներին: Դրամահավաքները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը: Բայց երբ շքեղ կյանքի սովոր մեկը կոչ է անում դրամահավաք անցկացնել բոլոր նրանց, ում կաշին պետությունը ամեն օր առանց այդ էլ քերթում է հարկերի բարձրացմամբ, սա չէր կարող այլ արձագանքի արժանանալ, քան եղավ: Մարդիկ միևնույն է կօգնեն, գումար կփոխանցեն իրենց կարողությունների շրջանակում՝ հակառակը լինել չի կարող, բայց ոչ նրա համար, որ այդ հորդորն արվեց Վիգեն Սարգսյանի կողմից, այլ որովհետև այդպես էլ լինելու էր. մենք բոլորս շարունակելու ենք ապրել մեր Հայաստանում, ամեն օր առերեսվելով դառը իրականությանը, իսկ օլիգարխիայի անբաժան մաս հանդիսացող չինովնիկները՝ իրենց էլիտար, այլընտրանքային Հայաստանում:Հ.Գ. Նախօրեին երեկոյան Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ պահանջվող 45 000 դոլարից հավաքվել է 25 000-ը և գնահատեց դա լավ արդյունք 24 ժամվա ընթացքում:
Լիա Խոջոյան