Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին «գործուղում» է Արցախ. ԼՂ-ից ասում են՝ համեցեք, բայց գնացեք նաև Ադրբեջան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել է միանալու Արցախում «ադրբեջանական մշակութային հուշարձանների» մոնիթորինգի անցկացմանը եւ ստացել Ստեփանակերտի պաշտոնական պատասխանը:
Արցախն Ադրբբեջանին հիշեցրել է հայկական մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքի մասին:
Մամեդյարովը Արցախում ադրբեջանական մշակութային հուշարձանների» մոնիթորինգի անցկացմանը միանալու հրավերի մասին խոսել է օրեր առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլեի հանդիպման ընթացքում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մամեդյարովն Ազուլեին հայտնել է, թե իբր հայերի կողմից ոչնչացվում են ադրբեջանական հինավուրց մշակութային հուշարձաններն այն տարածքներում, որոնք «օկուպացրել է Հայաստանը», մինչդեռ Ադրբեջանը «շատ նրբանկատորեն» է մոտենում հուշարձանների պահպանմանը:
Մամեդյարովի խոսքին արդեն արձագանքել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նախ հիշեցրել է, որ Արցախի տարածքում բոլոր մզկիթները գտնվում են պետության պաշտպանության ներքո եւ նշել դրանց թիվը:
«Արցախի տարածքում պահպանվել են եղած երեք մզկիթները՝ 2-ը Շուշիում եւ 1-ը՝ Աղդամում: Արցախի տարածքում ադրբեջանական ժառանգության ոչ մի այլ «հուշարձան» չի եղել»,- մեջբերում է Դավիթ Բաբայանի խոսքերը news.am-ը:
Արցախում ադրբեջանական լուրջ պատմամշակութային ժառանգության բացակայության փաստը Բաբայանը բացատրել զարգացած թյուրք էթնոհանրույթի բացակայությամբ: «Թյուրքական ցեղեր բնակվել են, սակայն ոչ մի «գլուխգործոց» չեն ստեղծել: Եղած երեք մզկիթները վերականգնվել են, դրանք գտնվում են պետության պաշտպանության ներքո»,- ընդգծել Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:
Միաժամանակ նա հիշեցրել հայկական մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքի մասին: Խոսքը հատկապես միջնադարյան հայկական խաչքարերի՝ Ադրբեջանի կառավարության կազմակերպված ավերման ամսին է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, հատկապես Ջուղա քաղաքում:
Վերջին բնաջնջման դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերի հետ։ Այնտեղ գտնվող խաչքարները ջարդված են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի: Կա նաեւ կատարվածի մասին պատմող տեսագրություն:
Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նա հիշեցրել է Ադրբեջանի թեկնածուի, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի ձախողումը: Նա պայքարում էր այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնի համար: «Այն, որ նրան գործնականում չհաջողվեց ոչ մի ձայն ստանալ, շատ բանի մասին է վկայում», - հավելել է Բաբայանը ու նշել, որ Արցախը թաքցնելու բան չունի եւ դեմ չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը: «Սակայն նման մոնիթորինգային առաքելությունները պետք է անցկացվեն նաեւ Ադրբեջանի տարածքում՝ Ջուղայից մինչեւ Բաքու: Ադրբեջանում վիթխարի հայկական մշակութային ժառանգություն կա, որը երկրի իշխանությունների ջանքերով ոչնչացվում է», - ասել է նա:
Եթե Ադրբեջանը պատրաստ է մոնիթորինգային առաքելություններին, ապա Արցախւ եւս պատրաստ է, հավաստիացրել է Բաբայանն ու կասկած հայտնել. «Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանն ամեն կերպ կխոչընդոտի իր տարածքում մոնիթորինգի անցկացմանը»: