11.03.2025
Պեսկովը՝ ուկրաինացիներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին
prev Նախորդ նորություն

Սադրանքները բացառված չեն. Արցախը հետևելու է թուրք-ադրբեջանական զորավարժություններին

Արցախի ղեկավարությունը հատուկ ուշադրության տակ է պահելու մայիսի 1-3-ը Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ անցկացվելիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով տակտիկական զորավարժությունները: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ պորվոկացիներ շփման գծում չի կարելի բացառել:


Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններ: Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը: Զորավարժություններին կմասնակցեն զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր և այլն:


«Չի կարելի բացառել, որ ադրբեջանական կողմը սահմանին կարող է սադրանքներ իրականացնել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ զորավարժությունն անցկացվում է մայիս ամսին, որը մեզ համար հաղթանակների ամիս է», - Բաբայանի խոսքերը փոխանցում է tert.am-ը: Այստեղ նա հիշեցնում է ԼՂ հակամարտության գործում Թուրքիայի դեստրուկտիվ դերակատարությունը: «Չմոռանանք, որ Թուրքիան միշտ դերակատարություն և ներգրավվածություն է ունեցել ադրբեջանա-ղարբաղյան հակամարտության մեջ, նույնիսկ գլխավոր շտաբի ներկայացուցիչներն են եղել ադրբեջանական բանակում, ապրիլյան պատերազմի ժամանակ այստեղ եկել էին բանակի սպաներ, այդ թվում ահաբեկիչներ»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը:


Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությունը տարեց տարի խորանում ու էլ ավելի է ինստիտուցիոնալացվում՝ հարստանալով նաեւ ռազմաարդյունաբերության ոլորտում պայմանագրերով: Անկարայում են վերապատրաստվում Ադրբեջանի ռազմական կրթարանների կուրսանտները, ինչպես նաեւ հատուկ ջոկատայինները, որոնք ի դեպ մասնակցել են ապրիլյան պատերազմին: Ադրբեջանը Թուրքիայից գնում է հարյուրավոր միլիոն դոլարների հասնող սպառազինություն, ռազմական հումք և պահեստամասեր:


Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից առաջ ևս թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին անցկացվել:


«Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Մենք երբևիցե չպետք է իրականությունից կտրվենք և հիշենք, որ ի դեմս Ադրբեջանի` գործ ունենք նաև Թուրքիայի հետ: Ոչ մեկի մոտ իլյուզիաներ չպետք է լինեն, պետք է շատ սթափ պատկերացնենք իրավիճակը և ըստ այդմ՝ շարունակենք շարժվել: Կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որտեղ ենք գտնվում՝ քարտեզի չեն նայում: Հայտարարություններ անելիս՝ մոռանում են, որ կա Թուրքիա, որը Ցեղասպանություն է իրականացրել, ոչնչացրել է մեր նյութական ժառանգությունը և ոչ միայն»,-ընդգծեց նա:


Դավիթ Բաբայանի կարծիքով՝ անհարժեշտ է խորացնել հարաբերությունները ռազմական դաշնակցի, հարևանների ու Սփյուռքի հետ, ինչը կարող է զսպիչ նշանակություն ունենալ: «Թուրքիան ՀՀ-ի դեմ ակտիվ գործողությունների չի դիմել և չի դիմի այնքան ժամանակ, քանի դեռ կունենանք ճիշտ աշխարհաքաղաքականություն: Նույնիսկ ռուսական ռազմաբազայի սիմվոլիկ ներկայացվածությունն արդեն իսկ չեզոքացնում է Թուրքիայի հսկայական ներուժը, իսկ եթե մենք մնանք մեն-մենակ, սա արդեն լինելու է պարզապես կատաստրոֆա»,-եզրափակեց նա:


 

Հասանովը մեկնել է Թուրքիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը