25.11.2024
Աբակ-2019. Երեւանում տեղի կունենա «հաշվիչ երեխաների» օլիմպիադա
prev Նախորդ նորություն

Շուրջ 325 մլն դրամի փողերի լվացում. մեղադրվում է կառավարության հիմնադրամի տնօրենը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:


Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն այն մասին, որ ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:


Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։


Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է իրականացված յուրացումների և փողերի լվացման մեխանիզմը:


Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը, 2010 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կանոնադրությամբ ունենալով հիմնադրամի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն, իր աշխատանքային գործունեության ընթացքում` 2013թ. ապրիլի 29-ից մինչև 2018թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325.600.000 ՀՀ դրամ գումար:


Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ հիմնադրամի տնօրենը, յուրացման եղանակով հափշտակված նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, առանձանապես խոշոր չափի՝ 226.464.209 ՀՀ դրամ գումարը մշակված հանցավոր մեխանիզմների և սխեմաների կիրառմամբ` հաշվից հաշիվ փոխանցելու` քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացրել է։


Մասնավորապես՝ 14.05.2013-15.03.2018թթ. ընկած ժամանակահատվածում հիմնադրամի գործադիր տնօրենը 251 գործարքով նշված գումարը կանխիկ փոխանցել է իր ընտանիքին պատկանող, մոր անվամբ գրանցված ՍՊ ընկերության հաշվեհամարներին: Այնուհետև՝ 15.05.2013-29.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում հիշյալ ՍՊ ընկերության հաշվեհամարից 116 գործարքով 539.332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող ընկերության հաշվեհամարներին, որից հետո այս ընկերությունն իր հաշվեհամարներից 14.05.2013-30.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում 108 գործարքով 490.583 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է գործադիր տնօրենի կնոջ՝ Հայաստանում գտնվող հաշվեհամարին, ապա նույն հաշվից 14.05.2013-30.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում 111 գործարքով 477.485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է տնօրենի հաշվեհամարին, որը կանխիկացման և բանկային փոխանցման եղանակով վերջինս օգտագործել է իր անձնական կարիքների համար:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:


Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: