26.11.2024
Չկա  ավելի թանկ բան, քան գաղափարը. վարչապետը՝ մտավոր սեփականության մասին
prev Նախորդ նորություն

Մեղադրանքը, որն առաջադրվել է Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է. Վանեցյան

Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:


Հարցին, թե Դավիթ Սանասարյանի պաշտպանները նշում են, որ ԱԱԾ-ն ուղղորդված եւ կանխակալ քննություն է իրականացնում, ի՞նչ խնդիրներ կան, ինչպե՞ս սա կգնահատի, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում նման հայտարարություններ առհասարակ մեկնաբանել»:


Դիտարկմանը, թե ԱԱԾ-ին մեղադրում են գործը կարելու մեջ, Վանեցյանն արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որեւէ գործ կարելու, գործ սարքելու եւ այլն՝ նման դեպքեր չեն եղել: Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն եւ ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը: Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին՝ մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան: Դատարանում դուք բոլորդ եւ առհասարակ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործերի նախաքննության ընթացքում: Լրագրողական հանրությունը եւ մնացած բոլորը կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»:


Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ այդ գործով բոլոր կալանավորվածները ազատ արձակվեցին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես գիտեի, որ նման շահարկումներ լինելու են: ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչը, ինչպես նաեւ գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը՝ Սամվել Ադյանին ազատ արձակելու մասով եւ դատարանը նպատակահարմար է գտել ազատ արձակել պարոն Ադյանին: Մենք ներկայումս բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան եւ կսպասենք որոշմանը»:


«Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանի ազատ արձակման հարցի հետ կապված ԱԱԾ տնօրենն ասաց. «Տարոն Ավետիսյանի հետ կապված գնահատվել են նախաքննության ընթացքում կատարված աշխատանքները, ստացված տվյալները: Անկեղծ եթե ասեմ, շատ մանրամասն չեմ տիրապետում քննչական ապարատի կողմից կատարված քննչական գործողություններին: Եթե նպատակահարմար են գտել ազատ արձակելու, ուրեմն, արել են: Կա դատախազությունը, որը վերահսկում է նախաքննության ընթացքը եւ եթե մենք թույլ տանք որեւէ խախտում, հավատացած եղեք՝ դատախազությունը կարձագանքի համապատասխան կերպով:


Ես մի բան եմ ուզում բոլորին ասել. ես խնդրում եմ չշահարկել առհասարակ այս գործը: Մեծ աղմուկ է ստացել պարոն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ իրեն մեղադրանք առաջադրելը: Ես ուզում եմ ասել մեկ բան, ես, որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորությունները՝ անկախ նրանից մեղադրվող անձը կլինի իմ ազգականը, ընկերը, բարեկամը, զինակիցը, ուրեմն, եթե խախտել է օրենքը, պիտի կանգնի օրենքի առջեւ եւ պատասխան տա: Եթե նախաքննության ընթացքում առհասարակ ԱԱԾ աշխատակիցները թույլ տան անօրինականություններ, նրանք եւս պետք է պատժվեն եւ նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ: Այսքանն եմ ուզում ասել»: