Արամ Հարությունյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործեց եւ տեսադաշտից կորավ, քանի դեռ զրկված չէր պատգամավորական անձեռնմխելիությունից, որեւէ մեկը նրա նկատմամբ որեւէ լծակ չուներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես եղավ, որ կորավ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, ապա նաեւ Միհրան Պողոսյանը․
«Միհրան Պողոսյանը նույնպես պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել Հայաստանից, ի՞նչ կա զարմանալի, եթե անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, բոլորդ կասեիք՝ բա ուր մնաց օրենքը, օրենքի գերակայությունը։ Բայց ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր է»,-ասաց Փաշինյանը։
Հարցին, թե Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելը խնդիր չե՞ն մեր պետության անվտանգության համար, վարչապետն ասաց, որ հարաբերական է՝ Միհրան Պողոսյանը դրսում է, թե՞ ներսում։ Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին՝ Փաշինյանն ասաց․
«Մենք պետք է հաշվի նստենք այն իրավիճակի հետ, որ մեր ՊՆ նախկին նախարարը ՌԴ քաղաքացի է։ Մենք էսօր իրավիճակ ունենք, երբ օտար պետությունը մեր քաղաքացուն հանցագործության մեջ է մեղադրում, բայց, չեմ ուզում բացել փակագծերը, մեր օրենսդրության բերումով չենք կարող արտահանձնել էդ քաղաքացուն, քանի որ դա մեր օրենսդրությանը հակասում է։ Մենք գիտենք, որ բացահայտ հանցագործ կա ՀՀ-ում, որն օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, եւ ակնկալում է, որ հանձնենք, բայց չենք կարող, միայն նրա համար, որ ունի ՀՀ անձնագիր։
Այդ մարդը ակնհայտ հանցագործ է, ոչ մեկի համար գաղտնիք չի, ինքի էլ է ասում, որ հանցագործ է»,-ասաց վարչապետը՝ երկրի անվտանգության մասով հավելելով՝ դա նույնն է, որ Չեխիան մեզ մեղադրի, թե իր երկրի համար անվտանգության սպառնալիք ենք ստեղծում։