Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
"Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը:
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է", - ասված է ուղերձում: