16.01.2025
Նախիջեւանում գործողություններով Բաքուն արհամարհում է համանախագահներին. Բալայան
02.07.2018
Նախիջեւանում գործողություններով Բաքուն արհամարհում է համանախագահներին. Բալայան

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում դիրքային ամրապնդման գործողությունները արհամարհանք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նկատմամբ։ Այս մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է ելնելով անպատասխանատվության սկզբունքից, չկատարելով իր իսկ ստանձնած պարտավորությունները: “Մենք պարբերաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների ու կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիքներ ունեն, որովհետև չանսալ նրանց հորդորներին և անել լրիվ հակառակը, առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների հանդեպ”,-ասել է Տիգրան Բալայանը: Հիշեցենք, որ հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,– Facebook-յան իր էջում գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։