Բոլոր տուգանքները պետք է կրճատել 50-70%-ով կամ վարորդներին տալ Շումախերի մեդալ. Զոհրաբյան
«Ծառուկյան» դաշինքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկել է մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են «անվտանգ երթեւեկություն» անվան տակ՝ տխրահռչակ արագաչափերի խայտառակ տուգանքներին, ինչպես նաեւ՝ հոծ գծերը հատելու տուգանքների վերանայմանը, ինչը տարիներ շարունակ օրական միլիոնավոր դրամներ է ուղղել կոնկրետ անձանց գրպանը։ Այս մասին տեղեկացնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:Ի՞նչ են ենթադրում է փոփոխությունները: «Վարորդների կողմից ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենգրքի 124 հոդվածի 1-ին մասով նախատեսված է 5000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանք։ Նշված արարքի համար նույն գումարի չափով տուգանք է նախատեսված նաև ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային Ժողով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 420 հոդվածի 29-րդ կետով։Նվազ նշանակություն ունեցող նման իրավախախտման համար՝ հատկապես այն պարագայում, երբ դրա հետևանքով երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ չի ստեղծվում և վթարային իրավիճակ չի առաջանում, 5.000 ՀՀ դրամի չափով տուգանքն ակնհայտորեն անհամաչափ է կատարված խախտմանը։ Նման դեպքերի համար տուգանքի չափը չպետք է գերազանցի 2000 ՀՀ դրամը։ Ավելին, համոզված ենք, որ քննարկվող իրավախախտման համար անձը պետք է առնվազն մի քանի անգամ նախազգուշացվի և միայն դրանից հետո տուգանվի։ Եթե ինչ-որ մեկը կարող է ապացուցել, որ երեւանյան երթեւեկության պարագայում հնարավոր է այնպես վարել մեքենան, որ որեւէ հոծ գիծ «չտրորվի», ապա այդ վարորդին պետք է տալ Շումախերի անվան մեդալ։ Մնացյալ իրավախախտումների համար նախատեսված բոլոր տուգանքները պետք է 50-70 տոկոսով կրճատել, քանզի գործել է տուգանքների չափի եւ միջին աշխատավարձի խայտառակ անհամաչափություն։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը պետք է վերանայվի եւ պետք է չեղարկվեն շարժական տեսանկարահանող սարքերը։Ինչ վերաբերում է Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին» 25.12.2012թ. թիվ 557-Ն որոշմանը, այսպես կոչված՝ «կարմիր գծերին», և դրա չկատարման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1247 հոդվածով սահմանված տուգանքին, որը նույնպես կազմում է 5000 ՀՀ դրամ, ապա համոզված ենք, որ այդ որոշումը պետք է չեղարկվի՝ Երևան քաղաքում, ինչպես և Հանրապետության այլ համայնքներում, ավտոտրանսպորտային միջոցների կայանումը պետք է լինի անվճար և որևէ տուգանք, բնականաբար, պետք է չգործի։ Ավելին, կայանման համար նախատեսված վճարները ոչ միայն պետք է վերացվեն, այլև պետք է չեղարկվեն նաև այն «խախտումները», որոնք թույլ են տրվել վերջին ամսվա ընթացքում։ Նույնը վերաբերում է նաեւ արագաչափերի «արձանագրած» տուգանքներին։ Վերջին ամսվա բոլոր տուգանքները պետք է չեղարկվեն, որովհետեւ այդ գումարները չէին գնում եւ չեն գնալու պետական բյուջե»,-մանրամասնում է Նաիրա Զոհրաբյանը: