2.11.2024
Ամերիկյան կոշտ պրագմատիզմը պարտվեց. ԵՄ-ն շարունակում է համագործակցել Իրանի հետ
17.05.2018
Ամերիկյան կոշտ պրագմատիզմը պարտվեց. ԵՄ-ն շարունակում է համագործակցել Իրանի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 15-ին հանդիպեց Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Կողմերը քննարկեցին միջուկային համաձայնագրի պահպանման հնարավորությունները՝ դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Ամփոփելով բանակցությունների արդյունքները Զարիֆը հայտարարեց, որ կողմերին հաջողվել է քաղաքական համաձայնության հասնել Համալիր գործողությունների համատեղ պլանի շուրջ, սակայն հավելեց, որ Իրանը պետք է իրավաբանական երաշխիքներ ստանա եվրոպական երկրներից՝ առաջ շարժվելու համար: Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված կոնկրետ միջոցառումների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել արդեն «առաջիկա շաբաթների ընթացքում»: Հանդիպման ընթացքում նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ շաբաթ Վիեննայում իրանցի եւ եվրոպացի փորձագետների հանդիպում անցկացնել: ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւս գոհունակություն հայտնեց հանդիպման արդյունքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ Եվրոպան ամբողջովին կատարելու է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Նա նաեւ նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննարկումը կներառվի Եվրոպայի Խորհրդի՝ մայիսի վերջին կայանալիք նիստի օրակարգում: Գերմանիայի խորհրդարանում Իրանի հետ միջուկային համաձայնագրին անդրադարձավ նաեւ կանցլեր Անգելա Մերկելը: Նա նշեց, որ չնայած բոլոր դժվարություններին, որոնք առկա են այս օրերին՝ տրանսատլանտյան հարաբերությունները մնում են առաջնային: Մերկելի կարծիքով՝ ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները պետք է դիմանան Իրանի միջուկային ծրագրի շուրջ ունեցած հակասությունների նման փորձություններին: Իրան-ԵՄ հետագա համագործակցության գլխավոր սպառնալիքը ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումն է: Դրանք կարող են անդրադառնալ Իրանում գործող այլ երկրների այն կազմակերպությունների վրա, որոնք Իրանում աշխատում են ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելիք ոլորտներում: Եվրոպական մամուլի հրապարակումների համաձայն ԵՄ-ում քննարկվում են ամերիկյան պատժամիջոցներին հնարավոր արձագանքները: Չի բացառվում, որ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների Եվրոպական Միությունը կփորձի բողոքարկել դրանք Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: Ըստ որոշ տեղեկությունների, ԵՄ-ում քննարկվում է նաեւ բողոքարկմանը զուգահեռ իրանական կազմակերպությունների համար եվրոյով վարկային գծերի բացումը: Վերջինի համար իրանական կողմը դեռեւս մարտի սկզբից պայմաններ է ապահովում: Մասնավորապես՝ մարտի 2-ից Իրանի կառավարությունը արգելափակել է դոլարի օգտագործումը ներկրման գործողություններում: Այլ կերպ ասած, ապրանքների մատակարարումների՝ դոլարով ներկայացված պատվերները կամ ներկրման այլ հայտարարագրերը չեն մշակվում Իրանի մաքսային օրգանների կողմից: Ապրիլին Իրանում արգելվեց նախարարությունների, պետական կազմակերպությունների ու ընկերությունների հաշվետվություններում, տեղեկատվական ու ֆինանսական տվյալներում դոլարի օգտագործումը: Դրա փոխարեն օգտագործվելու է եվրո: Եվրոպական Միությունն ունի ԱՄՆ պատժամիջոցների վրա ազդելու եւս մեկ գործիք՝ պատասխան պատժամիջոցները, որոնք կարող են կրել ոչ թե տնտեսական, այլ իրավական բնույթ: Օրինակ, ԵՄ դատարանները կարող են չընդունել ամերիկյան դատական համակարգի որոշումները: Այս գործիքի օգտագործումը, սակայն անհավանական է թվում, քանի որ ենթադրում է պատասխան գործողություններ ամերիկյան կողմից, ինչն, ըստ էության, կհանգեցնի տնտեսական հարաբերությունների սառեցմանը: Ամերիկյան պրագմատիկ քաղաքականությունը որոշակի արդյունքներ տվեց Հյուսիսային Կորեայի հարցում, թեեւ Կիմ Չեն Ընը մայիսի 15-ին կասկածի տակ դրեց ԱՄՆ նախագահի հետ նախատեսված հանդիպումը՝ կապված Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների համատեղ զորավարժության հետ: Նույն պրագմատիզմը, կարծես, ձախողվեց արաբա-իսրայելական հակամարտության միջնորդության հարցում: Թրամփի անվերապահ աջակցությունը դաշնակից Իսրայելին քննադատության արժանացավ ԵՄ-ի կողմից: Եվրոպական խորհրդարանում անգամ կարծիքներ են հնչում, որ ԱՄՆ-ն սպառել է իրեն, որպես արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման միջնորդ: Այլ հարց է, որ նույն խորհրդարանում չկա միացյալ դիրքորոշում հակամարտության վերաբերյալ: Ինչ վերաբերվում է ԱՄՆ պրագմատիկ քաղաքականության Իրանի հարցում՝ այն եւս ձախողվելու ճանապարհին է, քանի որ իրանական բլեֆը առ այն, որ Իրանի ներկա կառավարությունը միջուկային ծրագրի վերականգնման միակ խոչընդոտն է, ավելի ծանրակշիռ դիտվեց եվրոպացիների համար, քան ամերիկյան սպառնալիքները: Ամենայն հավանականությամբ, Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից հետո, Իրանում գործող եվրոպական ընկերությունների խնդիրը լուծվելու է ԱՄՆ-ԵՄ բանակցությունների հարթությունում, որտեղ նախանշվելու են իրանական տնտեսության այն ոլորտները, որոնց վրա ԱՄՆ պատժամիջոցները չպիտի տարածվեն՝ ելնելով դրանցում եվրոպական ընկերությունների ներգրավվածությունից: