«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է COP17-ի կազմակերպման համար հատկացված ֆինանսական միջոցների ծավալը՝ հայտարարելով, որ ընդամենը 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար։ Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը միջոցառումն անվանել է «լեգենդար COP»՝ նշելով, որ այդ գումարը գերազանցում է անգամ Գյումրու տարեկան ներդրումային բյուջեն։ Նրա խոսքով՝ 30 մլն դոլարով հնարավոր կլիներ լուծել բնակարանային խնդիրների զգալի մասը։ Կարապետյանը նաև կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցեր է բարձրացրել՝ ուշադրություն հրավիրելով միջոցառման կազմակերպման համար անցկացված մրցույթին։ «Ամեն օր հայտարարում են կոռուպցիոն բացահայտումների մասին, մինչդեռ տասը տարվա ընթացքում նրանց բացահայտած ամենախոշոր կոռուպցիոն դեպքի գումարը համադրելի է այս տասը օրում ծախսված գումարի հետ։ Մի ընկերության փոխանցվել է 22 մլն դոլար, իսկ մրցույթին մասնակցել է ընդամենը մեկ ընկերություն։ Մեր ժողովուրդը պետք է տեսնի կոռուպցիոն այս դրսևորումները»,- հայտարարել է Կարապետյանը։